Լիլիթ Սողոմոնյանը օպերային թատրոնում կկատարի Տոսկայի դերերգը
Ջակոմո Պուչինիի հանրահայտ «Տոսկա» օպերայում, որը ներկայացվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, գլխավոր հերոսուհուն` Տոսկային մարմնավորելու է օպերային երգչուհի Լիլիթ Սողոմոնյանը:
Հանդիսատեսն օպերային թատրոնում «Տոսկան» վայելելու հնարավորություն կունենա հուլիսի 4-ին:
«Հրավիրում եմ բոլոր նրանց, ովքեր ճանաչում ու գնահատում են ինձ ու իմ գործունեությունը: Անհամբերությամբ սպասում եմ ելույթիս, քանի որ 3 տարի այս դերով ինչ-ինչ պատճառներով հանդես չեմ եկել»,-ասաց Սողոմոնյանը և հավելեց, որ ապագայում ծրագրերը շատ են, իսկ առաջարկները՝ բազմազան: Ինքն էլ իր հերթին փորձում է մեր և արտասահմանյան բեմերում միշտ հանդես գալ այնպես, որ բարձր պահի և՛ արվեստի հարգը, և՛ երկրի պատիվը:
Սողոմոնյանը 24 տարեկանում Վերդիի «Տրուբադուր» օպերայում հանդես է եկել Լեոնորայի դերերգով: Իր ստեղծագործական ամբողջ կյանքի ընթացքում ներկայացել է բազմաթիվ դերերգերով. «Աիդա» օպերայում մարմնավորել է Աիդային, հանդես է եկել «Տոսկա», «Մանոն Լեսկո», «Ալեկո», «Գեղջկական ասպետություն», «Ջոկոնդա» և այլ օպերաներում:
Անցնելով ստեղծագործական երկար ուղի՝ Լիլիթ Սողոմոնյանը հասցրել է միշտ աշխատել ու շփվել հրաշալի ու տաղանդավոր ռեժիսորների ու դիրիժորների հետ և իր մեծ ցանկությունն ու պարտքն է համարում այդ գիտելիքները հետագայում փոխանցել երիտասարդ սերնդին:
Մեներգչուհին հանդես է եկել Չիլիում՝ Սանտյագոյի «Մունիսիպալ» թատրոնում՝ Պուչինիի «Տոսկա» և Վերդիի «La Forza del Destino» օպերաներում:
«Ես միշտ փորձել եմ անել հնարավորինը չափազանց բծախնդիր ու պահանջկոտ հանդիսատեսի առջև լավագույնս ներկայանալու համար»,-եզրափակեց մեներգչուհին: