«Հայաստանը մշտապես  խոսել է խաղաղության դիրքերից, սակայն  սա չի նշանակում, որ ՀՀ-ն  խաղաղության համար պատրաստ է միակողմանի զիջումների». Ա․ Նաղդալյան

«Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել Դուշանբեի պայմանավորվածությունները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների  հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկաբանելով օրերս ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի առաջ քաշած «Դուշանբե պլյուս» ձևաչափը։

Աննա Նաղդալյանը տեղեկացրեց, որ Վաշինգտոնում կայացած նախարարական  հանդիպման  ժամանակ շեշտը դրվել է  հանդիպմանը նախորդած ժամանակաշրջանում իրադրության լարվածության թուլացման վրա  և վերադարձի այն իրավիճակին, որը հնարավոր է եղել ձևավորել Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունքում։ Նա հիշեցրեց, որ Դուշանբեում ձեռքբերված պայմանավորվածություններով հաստատվել էր օպերատիվ կապ, որը իր մեջ միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման տարրեր էր պարունակում։

«Անհրաժեշտություն է առաջացել ամրապնդելու այդ մեխանիզմը, ինչպես նաև անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել հրադադարի ռեժիմը։ Այս ամենի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա Վիեննայի, ինչպես նաև 2016 թվականի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի  գագաթաժողովների ժամանակ։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ խաղաղությանը  նպաստող միջավայրի ձևավորումն առաջնահերթություն  է մեզ համար, քանի որ մենք չենք հավատում, որ հնարավոր է  արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում։ Այն ենթադրությունը, որ ՀՀ-ն կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ  վտանգավոր ենթադրություն է, որովհետև  Հայաստանը մշտապես  խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը խոսել է բոլորի համար ընդունելի լուծումների անհրաժեշտության դիրքերից, սակայն  սա չի նշանակում, որ ՀՀ-ն  խաղաղության համար պատրաստ է միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքը և անվտանգությունը»,- հստակեցրեց Աննա Նաղդալյանը՝ շարունակելով, թե  այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է։

 

Տեսանյութեր

Լրահոս