
«Դեռևս չենք գտել դեպք, երբ կողմը զրկված է դիրքորոշում հայտնելու իրավունքից». Արամ Օրբելյան

«Հաշվի առնելով, որ դատարանում հնարավորություն չէր տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, ևս մեկ անգամ տեսնում ենք, որ վերահաստատվում է ԵԽԽՎ բանաձևով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նախատեսած քաղաքական հետապնդման արգելքի դեպքը: Տեսնում ենք, որ ակնհայտորեն ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախությունները, պնդումները: Այստեղ մենք տեսնում ենք լրիվ արտառոց դեպք, երբ կողմին հնարավորություն չի տրվել ելույթ ունենալ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հունիսի 25-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Դատախազության, տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքները։
Նրանք բողոքարկել էին մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Անի Կարապետյան