Apple-ի կապիտալիզացիան 9 միլիարդ դոլարով անկում է ապրել գլխավոր դիզայների հեռանալու մասին լուրից հետո
Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվի՝ ընկերությունից դուրս գալու և սեփական բիզնես հիմնելու որոշումն Apple-ի համար արժեցել է գրեթե 9 միլիարդ դոլար:
Apple-ի բաժնետոմսերը հինգշաբթի Nasdaq-ում նվազել են 1,5%-ով, իսկ ընկերության կապիտալիզացիան՝ գրեթե 9 միլիարդ դոլարով՝ հասնելով 919,02 մլրդ դոլարի: Այսպես շուկան արձագանքեց այն լուրին, որ ընկերության գլխավոր դիզայներ Ջոնաթան Այվը պատրաստվում է լքել ընկերությունը: Այվը պատասխանատու էր ընկերության բոլոր դիզայներական լուծումների համար:
Այվը հայտարարել է Apple-ից տարեվերջին հեռանալու որոշման մասին: Իր որոշման մասին դիզայներն առաջին անգամ խոսեց հունիսի 27-ին: Նա Financial Times- ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստվում է ստեղծել իր սեփական դիզայներական ընկերությունը, որը կոչվելու է LoveFrom: Ընկերությունը, ըստ նրա, կսկսի գործել 2020 թվականին:
Apple-ի ինտերֆեյսի ու դիզայնի բաժիններն այժմ կգլխավորի Ջեյմս Ուիլյամսը, ով ղեկավարում է Apple Watch-ի զարգացումը: Apple-ը հայտարարել է, որ մտադիր է շարունակել համագործակցությունն Այվի հետ` որպես LoveFrom-ի հաճախորդ:
Այվն աշխատել է Apple-ում 1992 թվականից: 1996 թվականից նա ղեկավարել է դիզայներների աշխատանքը: Նա Սթիվ Ջոբսի մտերիմ գործընկերն էր և պատասխանատու էր բոլոր նախագծային որոշումների համար` սարքերի արտաքին տեսքից և ինտերֆեյսից՝ մինչև խանութների ինտերիեր և խոշոր ճարտարապետական նախագծեր, օրինակ՝ Apple Park-ը:
Reuters-ը գրում է, որ Այվի աշխատանքն օգնեց Apple-ին անցյալ տարի 1 տրիլիոն դոլարի շուկայական կապիտալիզացիայի հասնել: The Financial Times-ն անվանում է Այսին «աշխարհի ամենահայտնի դիզայներ» և «Apple-ի էսթետիկայի պահապան»:
Սիրարփի Աղաբաբյան