Ոչ մի դեպքում կյանքից հետ չընկնել. ծառայության ընթացքում վիրավորված Տիգրանը «Հայրենիքի պաշտպան» ծրագրով հմտանում է լուսանկարչության ոլորտում
Քսանմեկամյա Տիգրան Սարգսյանը բնակվում է Սպիտակ քաղաքում: Նա ընտանիքի 6-րդ երեխան է: Հինգ քույրերից հետո ընտանիքում երկար սպասված տղան է: 2017 թվականն էր, երբ ծառայության անցավ հայկական բանակում: Սկզբնական ամիսներին ծառայում էր Էջմիածնում, հետո տեղափոխվեց Թալիշ: Նա սակրավոր էր և հենց այդ ուղղությամբ էլ իրականացնում էր իր ծառայությունը: Տիգրանը գործ ուներ ականների հետ: 2017 թվականի հոկտեմբերն էր, երբ ծառայության ընթացքում դժբախտ պատահար տեղի ունեցավ: Դրա հետևանքով նա կորցրեց ձախ ձեռքի թաթի հիմնական հատվածը, իսկ այդ նույն ձեռքն անշարժացավ:
«Այնպիսի զգացողություններ էին, որոնք ոչ միայն դժվարանում եմ նկարագրել, այլև չէի ցանկանա, որ որևէ մեկը դրանք զգար, վերապրեր: Դժվար էր, ինձ համար բոլորովին նոր իրավիճակ էր, հետո սկսեցի կյանքին այլ աչքերով նայել: Հասկացա, որ պետք է շարժվել առաջ: Եթե անհրաժեշտ է նույնիսկ պետք է սողալ, բայց ոչ մի դեպքում հետ չընկնել կյանքից: Ես ինձ չեմ համարում սահմանափակ կարողություններով մարդ, առաջ եմ նայում ու առաջ շարժվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տիգրանը:
Ահա այդ ներքին ուժն էր, որն օգնեց նրան հավաքվել և գնալ առաջ: Նախ Տիգրանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն սկսեց այցելել, որտեղ օգնեցին քիչ- քիչ կազդուրվել: Եթե ձեռքը նախկինում ընդհանրապես չէր շարժվում, ապա այսօր բոլորովին այլ իրավիճակ է: Առողջական գործընթացում հաջողությունները ստիպում էին կյանքի այլ ուղղություններով ևս առաջ գնալ: Տիգրանը մտադրվել էր մասնագիտություն ձեռք բերել և անցնել աշխատանքի: Ինչպես ինքն է ասում՝ գալ, սովորել ու աշխատել: Նպատակն աչքի առաջ ունենալով՝ Տիգրանը շուտով դառնում է «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպան» ծրագրի մասնակիցը: Նա արդեն 4 ամիս է մասնակցում է ֆոտո-վիդեո դասընթացների, որոնք անցկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մասնագետները:
«Այս ծրագրի մասին խոսակցություններ կային, սակայն ժամկետներ դեռ չէին նշվում: Հենց իմացա կոնկրետ ժամկետների մասին, գրանցվեցի ու սպասում էի իրենց պատասխանին: Մի օր էլ զանգահարում են ու ասում, որ կարող եմ մասնակցել դասընթացներին: Շատ կարևորում եմ այս ծրագիրը, այն հնարավորություն է տալիս նոր մասնագիտություն ձեռք բերել, հմտանալ և աշխատանք գտնել»,-ասաց Տիգրանը:
Ինչո՞ւ Տիգրանի ընտրությունը կանգ առավ հենց լուսանկարչության վրա: Մանավանդ, որ նա հետաքրքրված էր ծրագրավորմամբ, և որոշակի հաջողություններ ուներ: Դեռ 15 տարեկան էր, երբ մասնակցեց «Դիջիքեմփ» ծրագրին, որտեղ 150 գաղափարներից հենց իր գաղափարը ժյուրիի կողմից հավանության արժանացավ: Նրա գաղափարը կապված էր սերմնացան ռոբոտի հետ: Ռոբոտը պետք է դաշտում սերմ ցաներ՝ աշխատելով արևային էներգիայով: Ահա դրա համար էլ գաղափարը հետաքրքրեց ժյուրիին: Ծրագրավորմամբ հետաքրքրված էր, սակայն Տիգրանը մտադիր էր բանակից հետո դիտարկել նաև ոստիկանական ակադեմիայում կրթություն ստանալը:
«Ծրագրավորում, թե՞ ոստիկանական ակադեմիա, ընտրությունը կանգ առավ լուսանկարչության վրա: Ես դեռ փոքրուց շատ էի սիրում լուսանկարել, ընտանեկան ընկերական կարևոր հավաքույթներն ու միջոցառումները վստահում էին ինձ: Քանի որ այս ծրագիրը նման հնարավորություններ է տալիս, ես էլ որոշեցի իմ սիրած զբաղմունքը մասնագիտական հիմքի վրա դնել: Մինչ այս դասընթացներին մասնակցելը լուսանկարչության մասին իմ պատկերացումներն այլ էին, հիմա բոլորովին ուրիշ են: Հիմա ամենակարևոր դետալներ եմ նկատում, այլ աչքով եմ նայում աշխատանքին»,-ասաց նա:
Արդեն 4 ամիս է Տիգրանը մասնակցում է դասընթացներին: Պատրաստվում է ցուցահանդեսի, որտեղ պետք է ներկայացվեն այդ ամիսների ընթացքում արված նաև իր լուսանկարները: Տիգրանը լուսանկարում է ամեն ինչ, սակայն սիրում է դիմանկարներ: Իր հետագա աշխատանքը պատկերացնում է լուսանկարչության ոլորտում:
«Շատ կուզեի նախագահի աշխատակազմում աշխատել, բայց չգիտեմ…: Մտածում եմ նաև սեփական լուսանկարչական ստուդիա ունենալու մասին»,-ասաց նա:
Ամեն դեպքում, պրպտող Տիգրանը չի պատրաստվում միայն լուսանկարչությամբ սահմանափակվել: Նա պատրաստվում է հմտանալ ծրագրի որակի ապահովման մասնագիտության գծով: Ինչպես ինքն է ասում, ձգտում է պրպտել, փորձել, եթե նույնիսկ կողքից ասում են դժվար է, չի ստացվի: Իր կյանքի մոտեցումներից է՝ միևնույն է փորձիր, նույնիսկ եթե ասում են չի ստացվի:
Խոսելով նպատակների մասին, հետաքրքրիր էր, թե ինչ երազանքներ ունի Տիգրանը:
«Երազանքնե՞ր… հասարակ ու բարդ հարց էր, չգիտեմ… հիմա, երևի, ամենաշատը երազում եմ ձեռքի պրոթեզի խնդիրը լուծելու մասին: Հայաստանում նման պրոթեզավորում չի իրականացվում, իսկ դրսում ֆինանսական հարցերի հետ է կապված»,-ասաց Տիգրան Սարգսյանը:
2019թ. մարտի մեկից «Երեւան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ. հունվարի 28-ին: Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վիրավորում, վնասվածք, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ, որպեսզի տղաները կարողանան ակտիվ մասնակցել հասարակական կյանքին: Ծրագրի առաջին փուլին մասնակցել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ սովորել ցանկացող տասը զինծառայող: Դասընթացի տևողությունը նվազագույնը 3 ամիս է: Դասընթացներն իրականացվել են տեսական եւ գործնական պարապմունքների միջոցով:
Աննա Գզիրյան