
Բելառուսում երախտագիտությամբ են հիշում բոլոր ժողովուրդների սխրագործությունները. ՀՀ դեսպան

Բելառուսում մեծ ուշադրություն է դարձվում Մեծ հայրենական պատերազմի հիշողության պահպանմանը: Ինչպես հայտնում է «Беларусь сегодня»-ն, այս մասին նացիստական շրջափակումից Բելառուսի ազատագրման 75-ամյակին նվիրված «Օպերացիա «Բագրատիոն» խորագիրը կրող Միջազգային գիտական համաժողովի ընթացքում ասել է Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանը:
Դիվանագետն ընդգծել է, որ Մեծ հայրենական պատերազմը ահռելի փորձություն է եղել է ողջ խորհրդային ժողովրդի համար: Դրա ամենավառ էջերից մեկը դարձել է Բելառուսի ազատագրման օպերացիան:
«Բագրատիոն» օպերացիան ցույց է տվել զորահրամանատարների տաղանդը, տղամարդկություն և զինվորների ինքնազոհությունը: Պակաս կարևոր չէ, որ Բելառուսն այսօր երախտագիտությամբ է հիշում ներկայացված բոլոր ժողովուրդների սխրանքները: Հիշում են մարշալ Բաղրամյանին, հիշում են «Սասունցի Դավիթ» տանկային շարասյանը, որը ստեղծվել էր հայերի հանգանակություններից, և 1-ին Մերձբալթյան ճակատի կազմում մասնակցել է «Բագրատիոն» օպերացիային: Սա շատ կարևոր է: Հիշողությունը ճշմարտություն է, իսկ ճշմարտության մեջ ուժն է»,- նշել է դեսպանը:
Համաժողովի աշխատանքներին ներգրավված են շուրջ 500 առաջատար գիտնականներ, պատմաբաններ, արխիվագետներ Բելառուսից, Ռուսաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Գերմանիայից և Լիտվայից: Մասնակիցների մեջ կան նաև հասարակական կազմակերպությունների և ուժային կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ, ռազմական և քաղաքացիական բարձրագույն ուսումնական հաստատությունների կուրսանտներ: Գիտական համաժողովը կընթանա հունիսի 27-28-ը: