ԲԴԽ-ն որոշել է խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքում, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց.
Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները:
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
Ելնելով վերոգրյալ իրավակարգավորումներից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց.
- Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է հայտարարությունում: