Քաղաքապետարանն ամբողջությամբ կցանկապատի Նուբարաշենի աղբավայրի տարածքը
Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջանների, Հալաբյան և Կիևյան փողոցների արտաքին լուսավորության համակարգերի արդիականացման ծրագրի իրականացման համար 110 միլիոն դրամ կծախսվի։
Երևանի քաղաքապետարանում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը մեկնարկել է հունվար ամսին:
«Այս նախագծի համար մենք ֆինանսավորում ենք ընդհանուր նախագծի 50 տոկոսը, իսկ մնացած 50 տոկոսը պետք է վճարենք 5 տարիների ընթացքում խնայողությունների հաշվին: Մոտեցումն այն է, որ ունենանք համալիր լուծում, տարբեր վարչական շրջաններում խնդիրն ամբողջությամբ լուծվի: Ունենալու ենք էլէներգիայի 60 տոկոսի խնայողություն՝ LED լուսատուների արդյունքում»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագծի իրականացման նպատակով մրցույթ կհայտարարվի:
Հրաչյա Սարգսյանը հույս հայտնեց, որ նախագիծը ավարտին կհասցվի մինչ տարեվերջ:
Անդրադարձ կատարվեց նաև վերելակների խնդրին: Երևանի վերելակների առկա ֆոնդի փոխարինման և բարելավման ծրագրի համար կհայտարարվի մրցույթ: Առաջին պիլոտային փուլում մայրաքաղաքում նախատեսվում է փոխարինել 20 վերելակ:
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի փոխանցմամբ՝ վերելակները կլինեն եվրոպական ստանդարտներին համապատասխան: «Ներառված են բոլոր անհրաժեշտ չափանիշերը, որոնք պետք է ապահովեն նաև տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից վերելակներից օգտվելը, և եթե մրցույթի մասնակցությունը կայանա, արդեն սեպտեմբեր-հոկտեմբերին կունենանք տեղադրված վերելակներ»,- ընդգծեց քաղաքապետի տեղակալը:
Երևանի քաղաքապետարանն այս տարի ամբողջությամբ կցանկապատի նաև Նուբարաշենի աղբավայրի տարածքը:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ տարիների ընթացքում Նուբարաշենում ճանապարհը սարքված չի եղել, աղբի ծածկման աշխատանքներ չեն իրականացվել: «Նոր աղբավայրի կառուցման մրցույթը տեղի է ունեցել, բայց անկախ դրանից՝ քաղաքապետարանն այս տարի ամբողջությամբ կցանկապատի նաև Նուբարաշենի աղբավայրը: Այս պահի դրությամբ Կարմիր բլուրում մենք իրականացնում ենք շինաղբի հեռացում, որը 20 տարուց ավելի տեղակայված էր: Կարմիր բլուր աղբավայրից արդեն 120 մեքենա շինաղբ է տեղափոխվել, և այդ շինաղբի միջոցով Նուբարաշենում իրականացվելու են աղբի ծածկման աշխատանքներ՝ ամռանը հրդեհներից խուսափելու նպատակով: Նուբարաշեն վարչական շրջանում 8 հա տարածքի վրա տեղի կունենան ծառատնկման աշխատանքներ: Մրցույթ կիրականացվի՝ այնտեղ ոռոգման ցանցի կազմակերպման հետ կապված»,- նշեց նա:
ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ