«Չենք թույլ տալու, որ ձեր խուժանն իր թաթերը նաև այս պետական հաստատությանն ուղղի». Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը բողոքի ակցիա է կազմակերպել Սահմանադրական դատարանի դիմաց: Ըստ իրենց տարածած հաղորդագրության՝ նրանք հավաքվել են, որպեսզի թույլ չտան ՍԴ-ի աշխատանքի բնականոն ընթացքի խափանում տեղի ունենա:
«Տարիներ շարունակ մեզ փորձել են քարոզել, որ ՀՀ լիարժեք, իրավունքներով օժտված քաղաքացին այն 62 տարեկան պառկած բառաչողն է, մեզ փորձել են քարոզել, որ քաղաքացին այն կապույտ մազերով ադրբեջանասեր… մի խոսքով, մեզ փորձել են քարոզել, որ լիարժեք իրավունքներով օժտված քաղաքացին դրանք մարդասպան ահաբեկիչներն են, մեզ փորձել են այդպիսի քաղաքացիների կերպարներ ցույց տալ ու ասել, որ իրենք են լիարժեք քաղաքացիները, մնացածդ բոլորդ իրավազուրկ եք, խոսելու իրավունք չունեք, որովհետև դուք չեք պառկում ասֆալտին, ձեզ իրավազրկել են։
Իրենք երկու բառ չեն կարողանում իրար կապել, ամիսներով չեն լողացել ու չեն սափրվել, եկել են մեզ սովորեցնում են՝ ինչ անել, մեր պետական հիմնարկներն են արգելափակում ու դրանով տապալում սահմանադրական կարգը»,- ՍԴ-ի մոտ իր ելույթում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրարանցումը ծրագրված, ճանապարհային քարտեզ ունեցող իշխանության յուրացման նախապատրաստություն որակեց.
«Թվում էր, թե ինչ-որ իրավաբանական հարց է, բայց այս մի քանի օրերի ընթացքում տարբեր հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հասկանում ենք, որ սա ծրագրված իշխանության յուրացման նախապատրաստություն է։ Եվ ես չեմ կարող հանգիստ իմ գործով զբաղվել՝ տեսնելով, որ մենք կանգնած ենք շեմին՝ ստեղծելու մի նախադեպ. Տասնամյակներ, եթե ոչ ավել, մեր սերունդներն են այդ նախադեպի դառը պտուղները ճաշակելու։ Սահմանադրությունները սահման են դնում. այդ մարդիկ անցնում են այդ սահմանը, այդ կարմիր գիծը»։
«Եթե Դուք մեզ մարտահրավեր եք նետում Սահմանադրական դատարանի բռնազավթմամբ, մենք ընդունում ենք այդ մարտահրավերը, մենք այստեղ ենք ու չենք տալու ՍԴ-ն, չենք թույլ տալու, որ ձեր խուժանն իր թաթերը նաև այս պետական հաստատությանն ուղղի»,- հավելեց Մալյանը։
Նշենք, որ մի քանի ժամ առաջ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել ՍԴ-ի դիմաց: Նրանք պահանջում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականը:
«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն ասաց, որ իրենք չեն խոչընդոտելու ՍԴ-ի աշխատանքին. «Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, որը մի խումբ անլվաներ՝ ներկայանալով որպես ժողովուրդ, փորձում էին խափանել: Երթևեկելի հատված դեռ դուրս չենք գալիս: Մենք այստեղ ենք, որպեսզի մեր ուժերով ապահովենք ՍԴ-ի բնականոն աշխատանքը, քանի որ մի խումբ անլվաներ փորձում են ներկայանալ՝ որպես ժողովուրդ, այստեղ խափանում իրականացնել: Մենք հավաքվել ենք՝ մի խումբ ինքնակոչ, անլվա ժողովրդին ցույց տալու իրենց տեղը: ՍԴ-ն պետք է աշխատի բնականոն հունով»:
Զարուհի Դիլանյան