
Իրանում հայտարարել են, որ հաջողությամբ դիմագրավել են ԱՄՆ-ի կիբեռգրոհները

Իրանի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբեռգրոհ չի կարողացել վնաս պատճառել Իրանի հրթիռների կառավարման համակարգերին:
Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը: Ավելի վաղ Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արտոնել է հարձակողական կիբեռգրոհների անցկացումն Իրանի համակարգչային համակարգերի վրա, որոնք օգտագործվում են հրթիռների արձակման կառավարման համար:
«Նրանք (ԱՄՆ-ը) շատ ջանքեր գործադրեցին, բայց առայժմ գրոհներից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել»,- փոխանցում է գործակալությունը նախարարի հաղորդումը: «Զանգվածային լրատվամիջոցները հարցնում են, թե ճիշտ են արդյոք հաղորդումները կիբեռգրոհների մասին: Մենք կիբեռահաբեկչության հետ գործ ունենք արդեն երկար ժամանակ»,- հայտարարել է Ջահրոմին եւ հավելել է, որ անցյալ տարի Իրանը 33 միլիոն գրոհ է չեզոքացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: