«Ջավախքի հայությանը կոչ ենք անում չընկնել Մոսկվայի ծուղակը». «Սասնա Ծռեր»

Վրաստանում զարգանում է ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու գործընթացի հերթական փուլը. զուգահեռաբար՝ Վրաստանը ստիպված է մոբիլիզացվել ընդդեմ թուրք-ադրբեջանական ծավալման: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Վրաստանի ապագաղութացումը զգալի չափով նպաստում է նաեւ Հայաստանի ապագաղութացմանը: Իսկ թուրք-ադրբեջանական ծավալման դեմ նրա հետ սերտ գործակցելու հեռանկարը նոր հորիզոն է բացելու մեր արտաքին անվտանգության ապահովման առումով:

Որպես հակաքայլ՝ Մոսկվան հերթական անգամ ակտիվացնում է իր ավանդական «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը: Իր հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը լարումներ է ստեղծում Վրաստանի դեմ եւ սպասում է, թե երբ է այն ներքուստ թուլանալու, որպեսզի ձեռնամուխ լինի ծավալման հաջորդ փուլին:

Մոսկվան որպես Վրաստանում իր «բաժանիր, որ տիրես» քաղաքականության հիմնական ռեսուրս է դիտում Ջավախքի հայությանը:

Ցավով պետք է նշել, որ դրա համար էապես նպաստավոր պայմաններ է ստեղծում Ջավախքի հայության նկատմամբ Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականությունը:

Արդար լինելու համար նաեւ չի կարելի անտեսել, որ Ջավախքի հայության շրջանում տարածված ռուսական կողմնորոշումը զգալի չափով ազդում է նրա նկատմամբ Վրաստանի իշխանությունների բացասական վերաբերմունքի վրա:

Նշված լուրջ պրոբլեմներով հանդերձ, առնվազն ներկայումս հայ-վրացական ռազմավարական շահերը համընկնում են:

Ռուսական գաղութատիրությունից ազատագրվելու եւ թուրք-ադրբեջանական ծավալումը չեզոքացնելու հարցերում, ինչպես նաեւ տարածաշրջանում թափ հավաքող փոթորկալի զարգացումներում հնարավորինս միասնաբար հանդես գալը Հայաստանի ու Վրաստանի գոյության եւ բարգավաճման անփոխարինելի երաշխիքներից մեկն է:

Վերը նշվածը հաշվի առնելով՝ Ջավախքում բնակվող հայությանը կոչ ենք անում լինել շրջահայաց ու ողջախոհ, ամեն կերպով խուսափել Մոսկվայի լարած ծուղակից եւ ակամա չդառնալ նրա «բաժանիր, որ տիրես» քաղաքականության գործիք ու չնպաստել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական ծրագրերին»:

Տեսանյութեր

Լրահոս