«Ես ոչ մի կերպ համաձայն չեմ «դիվանագիտության ձախողում» որակման հետ»». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը համամիտ չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության իր գործընկեր, նույն հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանի հետ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը «հայկական դիվանագիտության հերթական ձախողումն է»:

«Ես հայտարարությունը գնահատում եմ նորմալ, կարևոր եմ համարում, որ դրա մեջ խոսվում է խաղաղության համար նպաստավոր իրավիճակին վերադառնալու մասին: Ամեն դեպքում, ես ցանկացած հայտարարությունից առաջ դարակազմիկ փոփոխություններ չեմ ակնկալում, և սա այդ դեպքերից մեկն է: Ես ոչ մի կերպ համաձայն չեմ «դիվանագիտության ձախողում» որակման հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռ.Ռուբինյանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք դարակազմիկ փոփոխություն չէ այն, որ ՄԽ հերթական հայտարարությունն է, որում չի նշվում հակամարտության կարգավորման սկզբունքների մասին, Ռ.Ռուբինյանը պատասխանեց, որ ԵԱՀԿ ՄԽ տարբեր հայտարարություններ տարբեր կետերում կարող են տարբեր իրավիճակային տրամադրություններ կրել.

«Բայց չի կարելի ասել, որ այս հայտարարության մեջ կարող է ընդհանուր առմամբ ինչ-որ մեծ փոփոխություն լինել»:

ՀՀ ԱԳՆ-ն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման նախօրեին հայտարարել էր այդ հանդիպմանն այլ օրակարգային գերակայությունից խոսելու մտադրության մասին, ենթադրաբար՝ Վիեննայի օրակարգի, սակայն այն որևէ կերպ չի արտացոլվել ՄԽ հայտարարությունում: Ռ.Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ «այլ օրակարգ» նկատի ուներ ԱԳՆ-ն:

«Ես կարծում եմ՝ դա Արտգործնախարարությունից պետք է ճշտել»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս