«Այդ հանդիպումները դեռ շատ դժվար է բանակցություններ անվանելը». Լարիսա Ալավերդյանը՝ վաշինգտոնյան հանդիպման մասին

«Բոլոր պետությունները, որոնց ներկայացուցիչները հանդես են գալիս՝ որպես համանախագահներ, փորձում են պահել քաղաքական պարիտետը՝ հանդիպումների ընտրված աշխարհագրության մասով՝ Մոսկվա, Փարիզ, Վաշինգտոն՝ ցույց տալով, որ  իրենք աշխատում են  հավասարությամբ և շահագրգռված են  խաղաղ բանակցություններով»։ 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպմանը` նման կարծիք  հայտնեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան  Լարիսա Ալավերդյանը։

Ըստ Լ. Ալավերդյանի՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն բացարձակապես չի թաքցնում, որ իրենք շարունակելու են ամբողջովին մերժելի քաղաքականությունը սահմանի վրա.

«Դրա մասին վկայում է իր խոսքի այն հատվածը, երբ ասում էր, թե սահմանի վիճակը չպետք է ազդի բանակցությունների վրա։ Դրանով իսկ ինքը երկրորդ ուղերձն է ուղարկում՝ համարելով, որ մինչև չսկսվի Ադրբեջանի սցենարով որևէ գործընթաց, այն է՝ իրենց չպատկանող տարածքների վերադարձ, այսինքն՝ բռնի հողերի վերամիավորում, որոնք երբևէ չեն պատկանել Ադրբեջանին միջազգային նորմերի համաձայն, շարունակելու են իրենց ագրեսիան, հայատյաց քաղաքականությունը։ Վերջինս, ցավոք սրտի, առանձնահատուկ գնահատականի չարժանացավ համանախագահների կողմից»։

Խոսելով հայկական կողմի ուղերձների մասին՝ իրավապաշտպանը նկատեց, որ նոր ուղերձներ չի լսել, բայց նկատել է ակնարկ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին.

«Կա նման ակնարկ՝ թեկուզ անունները չեն տվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի, բայց նախադասությունը, որով ասում էին՝ պետք է կարողանանաք հետևել և հաստատել, թե ով է առաջինը սկսել և ով է խախտում զինադադարը, վկայում են այն մասին, որ այդ զրույցը տեղի է ունեցել։ Այս առումով՝ դա անփոփոխ մնացող դիրքավորումների մասին է, այսինքն՝ Հայաստանը չի առաջարկել որևէ բան, որը կգար ու կփոխարիներ մադրիդյան սկզբունքները: Մինչդեռ Ադրբեջանը մնում է, այսպես կոչված, էտապային լուծման՝ իր նախընտրած հերթականությանը  հավատարիմ, ինչը խոսում է նրա մասին, որ այդ հանդիպումները բանակցություններ անվանելը դեռ շատ դժվար է»։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի էր ունեցել  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին հաջորդել է Մինսկի խմբի տարածած պաշտոնական հայտարարությունը։

Ցավով արձանագրելով վերջին կորուստները՝ համանախագահները հորդորել են կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել վերականգնելու խաղաղության և առարկայական բանակցությունների համար նպաստավոր մթնոլորտը։

Նրանք կոչ են արել կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարը և ձեռնպահ մնալու որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ՝ դիպուկահարների կիրառումից և շփման գծում ու սահմանում ինժեներական աշխատանքներից:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս