«Չունենք ադեկվատ ԱԽ, ունենք խորհուրդ, չունենք նորմալ ղեկավար»

«ԱՄՆ-ը Հայաստանի համար բարեկամ երկիր է, ամերիկյան վերաբերմունքը Հայաստանին մշտապես բարեկամական է եղել, նույնը կարող ենք ԻԻՀ-ի մասին ասել։ Ուստի Հայաստանի համար չափազանց  անցանկալի է երկու բարեկամ  պետությունների միջև հարաբերությունների հետագա վատթարացումը, այդ հարաբերությունների կարգավորումից կարող է իրավիճակ փոխվել տարածաշրջանում, և այդ իրավիճակը կարող է դեպի դրականը փոխվել։ Ցավոք սրտի, այսօր նման միտում չկա։ Ես կարծում եմ, որ այսօր ՀՀ-ն իրեն պետք է դիրքավորի՝ որպես երկու պետությունների բարեկամ, և փորձի այնպես անել, որպեսզի այս մեծ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվի, մենք պետք է հնարավորինս նեյտրալ լինենք»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ամերիկաիրանական առճակատմանը։

Խոսելով հնչող առաջարկներից, թե ստեղծված աննախադեպ իրավիճակը պետք է քննարկել ՀՀ Անվտանգության խորհրդի նիստում, Սուրեն Սարգսյանն ասել է, որ, իհարկե, կարող է ԱԽ-ում քննարկվել իրավիճակը, եթե ՀՀ վարչապետը նպատակահարմար գտնի։

«Ինչո՞ւ եմ ասում՝ վարչապետը, որովհետև ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոն է մեկնել և իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ունի։ ԱԽ նիստում հարցի քննարկումը կարող է օգտակար լինել։ Ցավոք սրտի, այսօր մենք չունենք ադեկվատ ԱԽ, ունենք խորհուրդ, չունենք նորմալ ղեկավար, ով կհասկանար ռազմական գործից և միջազգային քաղաքական գործընթացներից, կկարողանար ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է մեր տարածաշրջանը։ Իհարկե, նիստը հրավիրելը կարևոր է, կարծում եմ՝ ՊՆ վերլուծական կենտրոնները ևս կարող են ակտիվ աշխատել՝ հասկանալու համար, թե ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ այս ամենը Հայաստանի համար թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով»,- ասել է Ս.Սարգսյանը։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս