Google-ը հրաժարվեց պլանշետներ թողարկելուց
Google-ը հայտարարել է, որ դադարեցնում է պլանշետների արտադրությունը: Այդ մասին ընկերության ավագ փոխնախագահ Ռիք Օսթերլոհը հայտնել է Twitter-ում:
«Այո, դա ճիշտ է… Google HARDWARE թիմը կենտրոնանալու է բացառապես նոութբուքեր ստեղծելու վրա»,-գրել է նա, նշելով, որ «Android եւ Chrome OS թիմերը 100 տոկոսով հանձնառու են այն գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, որոնք պլանշետներ են թողարկում շուկայի բոլոր սեգմենտների համար»: Business Insider-ը, վկայակոչելով ընկերության ներկայացուցչին, հայտնում է, որ Google-ը չի թողարկելու Pixel Slate-ի նոր մոդելներ:
Նրա խոսքով՝ ընկերության աշխատակիցների մեծամասնությունը, որոնք զբաղվում էին պլանշետների մշակմամբ, կանցնեն Pixelbook շարքի նոութբուքերի հետ աշխատանքին, իսկ մնացածներին կուղարկեն աշխատելու «գաղտնի նախագծերում»:
12,3 դյույմ դիսփլեյով Pixel Slate պլանշետը ներկայացվել էր 2018 թվականի հոկտեմբերին: Սարքը հանդերձված է 8-մեգապիքսելանոց երկու խցիկով եւ պատկերի առանձնահատուկ հստակություն ապահովող դիսփլեյով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: