Բաժիններ՝

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Պետական կառավարման համակարգում կողքից փող աշխատող չինովնիկները նույնն անում են նաև ներկայումս՝ հեղափոխությունից հետո, պարզապես ձեռագիրն է փոխվել: Հաշվապահական դասընթացների կազմակերպումից, հաշվապահական ծառայություններ մատուցելուց, մաքսային բրոկերությունից և պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցման շահութաբեր ծառայությունների սպասարկումից հետո ամենաարդիականն այսօր պետական օղակներում արխիվների թվայնացումն է համարվում:

Սրա պահանջարկը, իհարկե, մեծ է իրականում և անհրաժեշտությունը կա կառավարման բոլոր ոլորտներում: Այս մոդելով է վաղուց աշխատում Պետական եկամուտների կոմիտեն, Կադրաստրի պետական կոմիտեն, ոստիկանության առանձին ծառայություններ, Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:

Արդականացվող կառավարման մոդելի նպատակը միայն արագ և քիչ ծախսատար միջոցներով կառավարումը չէ, էլեկտրոնային ընդհանուր բազայով աշխատանքն ավելի թափանցիկ է դառնում, իսկ ամենաառանցքային գործոնը կոռուպցիան կանխարգելելու հնարավորությունն է: Բայց այն, ինչ փորձում են անել մերօրյա պաշտոնյաները գնումների գործընթացի միջոցով, բնականաբար, ոչ այնքան պետությանը խրախուսելու համար է, որքան կողքից փող աշխատելու գրագետ ու թաքնված միջոց:

Եվ ահա, այդպիսի մի օրինակ կարծես Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին է հանդիպել: Նախորդ դեպքը 168.amբացահայտել էր Սոցիալական ապահովության պետական ծառայությունում (ՍԱՊԾ), պետության հետ գործարքը չեղարկվեց առաջին իսկ ամսվա ընթացքում, գործը տապալվեց, և կառավարությունը ստիպված մեկ անձից գնում կատարելու միջոցով նախկին որոշումից հետքայլ արեց: Նախորդ դեպքում, հիշեցնենք, նորահայտ ընկերությունների կռիվը 35 մլն դրամ կազմող փաթեթի շուրջ էր ծավալվում, և դարձյալ գործը թվայնացված բազային էր առնչվում: Այս անգամ բյուջեից իջեցվող 60 մլն դրամի հասնող փաթեթն է դարձել խնդրո առարկա:

Օրերս Բժշկական համալսարանում հայտարարված արխիվը թվայնացնելու մրցույթին պետգումների գործընթացով երեք կազմակերպություն է հայտագրվել, և, խաղի կանոնների համաձայն, հաղթել է այն ընկերությունը, որն ամենանվազ գինն է առաջարկել՝ առաջարկվող փողի և մատուցվող ծառայության դիմաց: Շահողը «Ռեսալ սոֆթ» ընկերությունն է (առաջարկը՝ 52 մլն դրամ), մրցակիցը՝ «Սիստեմ Վեյ» (56 մլն 950 հազար դրամ), իսկ մրցույթի արդյունքները հետագայում բողոքարկող ընկերությունը «ՏԵԽՆՈ ՈՒԱՆՆ» է եղել, ինչը հետագայում ՀՀ Ֆինանսների նախարարությունն անհիմն է համարել:

Առաջին հայացքից ամեն ինչ կարգին է, չկա որևէ բացթողում, և չպիտի լինի մտավախություն: Սակայն մրցույթում հաղթած ընկերության պատմությունը մեզ հուշում է, որ այս դեպքը հենց այն բիզնես-նախագծերից մեկը կարելի է համարել, որին արժանացավ նաև ՍԱՊԾ-ի վերոնշյալ հայտնի դեպքը:

Բժշկական համալսարանի մրցույթում հաղթած ընկերությունը չունի անցյալի կենսագրություն, չունի նախկինում արխիվացման կատարած աշխատանք, մեր տեղեկություներով՝ նվազ են տեխնիկական և մասնագիտական ռեսուրսի հնարավորությունները, սակայն հաղթել է, որովհետև գինն է էժան առաջարկել: Իսկ դա նշանակում է, որ առնվազն կտապալի ստանձնած գործը կամ կհրաժարվի ինչ-որ փուլից։ Մյուս դեպքն այն է, որ Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հարկադրված կլինի բուհի արխիվի աշխատակազմին նոր գործառույթներով ծանրաբեռնել, որպեսզի վերահսկեն նոր գործընկերոջ աշխատանքի որակն ու ողջ ընթացքը:

Բժշկական համալսարանի մրցույթի դեպքը ուշագրավ է նաև այնքանով, որ հաղթող ընկերության պատմությունն ինչ-ինչ թելերով կապվում է մրցույթը հայտարարած Ֆինանսների նախարարության հետ: Վարկած կա, որ հենց նախարարության որոշում կայացնող անձանցից մեկն է խառնված այս պատմությանը, և մրցույթի անցկացման ողջ գործընթացն ի սկզբանե կառավարելի է դարձել նրա համար: Առավել մանրամասն ճշտվող տեղեկություններից հետո կհրապարակենք և՛ այդ պաշտոնյայի, և՛ նրա հետ փոխկապակցված անձանց անունները, որոնք, ըստ աղբյուրի, մրցույթի վերջին փուլում են որպես կանոն ներգրավվում գնումների հարթակ՝ քանի որ իրենց համար ինչ-որ ձևով հասանելի են դարձնում մյուս փաթեթների առաջարկները, և իրենք մշտապես կարողանում են ցածր գին առաջարկելով՝ արդյունքում միանգամայն շահող ընկերությունը դառնալ:

Ի դեպ, այս մանիպուլյացիայի հիմքը տալիս է գնումների համակարգի խոտանված հարթակը, երբ Ֆինանսների նախարարությունը որոշեց գնումների գործընթացը նախկին՝ հին մոդելով անցկացնել, մինչդեռ նախկին մոդելը սակարկման հնարավորություն հարթակում չի տալիս: Նկատենք, Ֆինանսների նախարարության՝ 2016-ից գործարկվող էլեկտրոնային գնումների պլանավորման, պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության էլեկտրոնային երկրորդ ահռելի թանկարժեք համակարգը կասկածելի հիմքերով հանկարծ սկսեց չաշխատել հենց այն շրջանում, երբ պետական համակարգում ՀՀ ֆինանսների նախարարությունը սկսում է գնումների գործընթացն իրականացնել: 2018-ի նոյեմբերից մինչ օրս հարթակը չի կարողանում տնտեսվարողների սպասարկել, և մինչ օրս հայտարարված չեն դեռևս մի շարք մասշտաբային մրցույթներ, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի, մանկատների և այլն:

Ավելի վաղ անդրադարձել էինք պետական գնումների համակարգում «կլանային մետամորֆոզներին» և այդ առանցքային դեմքերի գործարքների պատմության մութ էջերին:

Ստացվում է՝ խոտանված համակարգի հետևանքով այլ լուծումներով հաղթած հերթական ընկերությունը կդառնա պետության պարտնյորը, պետգնումների գործընթացով բուհը լեգալ գործարք կկնքի մեկի հետ, ով ի վիճակի չի լինի տանել վերցրած բեռը, կարևորն այն է, որ նվազ գնով էր առաջարկը ներկայացրել…

Նշենք, որ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը մտադիր է թվայնացնել բուհի վերջին տասնամյակների պատմությունն ու արխիվային ողջ նյութերը: Ընդ որում, թվայնացնող ընկերությունը կպարտավորվի ժամանակագրությունը սեղմել էլեկտրոնային հարթակում՝ սկսած 1960 թվականից:

Ոչնչացումից փրկվող նյութերը միայն բուհի ստեղծման, դասախոսական կազմի, գիտաշխատողների ու գործունեության պատմությունը չէ: Պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայությունը պիտի ներառի իր մեջ նաև բուհի ենթակա 3 բժշկական կենտրոնների՝ խորհրդային տարիների ստեղծման և կայացման պատմությունը: Իսկ դա նշանակում է, որ առողջապահական համակարգում ներդրվող էլեկտրոնային ամփոփագիրը հավակնում է առաջինը հենց այստեղ կայանալ:

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս