Լրագրող ներկայացած կինը պաշտոնատար անձին սպառնացել է վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել, պահանջել 800 հզր դրամ. ոստիկանություն

Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Այդ քայլին չդիմելու համար պահանջել է 800․000 դրամ։
Հաղորդումից անմիջապես հետո ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հունիսի 19-ին՝ ժամը 16․30-ի սահմաններում, լրագրողը կրկին այցելել է ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակ՝ պահանջված գումարը վերցնելու։ Կինը նախորոք պահանջած 800․000 դրամի փոխարեն արդեն պահանջել ու վերցրել է 400․000 դրամ։ Գումարը ստանալուց անմիջապես հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները մուտք են գործել աշխատասենյակ։

Կնոջ մոտից հայտնաբերվել և առգրավվել են շորթմամբ հափշտակված 400․000 դրամը։
Նշված անձը շորթում կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ ոստիկանության Վեցերորդ վարչության կողմից բերման է ենթարկվել Hzham.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանը՝ բարձրաստիճան ոստիկանից շորթում կատարելու կասկածանքով։

Տեսանյութեր

Լրահոս