
«Նաիրիտ»-ի համակարգման խումբը և ՀՀ կառավարության ներկայացուցիչները հայտարարություն են ընդունել գործարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների կողմից կազմված համակարգման խմբի անդամների (Կարեն Իսրայելյան, Կարեն Միրզոյան, Հովիկ Հախինյան, Անահիտ Մանուկյան, Արփի Թագոյան, Սպարտակ Պողոսյան, Սեդա Մատինյան և Միքայել Սարաֆյան) և ՀՀ կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ 2019թ. հունիսի 18-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, հայտարարության մեջ նշված է, որ օրենքով պարտադիր «Նաիրիտ» գործարանի սնանկացման գործընթացով հունիսի 25-ին նախատեսված աճուրդի իրականացման նախապայման է հանդիսանում գործարանի արտադրական և ենթակառուցվածքների մասի ամբողջական վերագործարկման համար բիզնես ծրագրի ներկայացումը, որը պետք է քննարկվի ոչ միայն կառավարիչի, այլ նաև ՀՀ կառավարության կողմից: Նման բիզնես ծրագիր կառավարություն ներկայացնելու դեպքում կհրավիրվեն նաև համակարգման խմբի մասնակիցները իրենց կարծիքները ներկայացնելու համար: «Սա հնարավորություն է տալու բացառել գործարանի մաս-մաս և անորոշ ապագայով օտարումը:
Խմբի անդամները բարձր են գնահատում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ կառավարության մոտեցումները և վստահություն ու աջակցություն են հայտնում կառավարությանը գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: