«Բակո Սահակյանը ձեզ խանգարո՞ւմ է, որ ձեր հեղափոխական նպատակներն իրականացնեք». Արամ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ չի կարող ներկայացնել Արցախի շահերը, որովհետև ինքն ընտրված չէ նրանց կողմից, սակայն մյուս կողմից՝ միջամտում է, որ Արցախում մարդկանց ազատեն աշխատանքից։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստանի Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը։
«Բակո Սահակյանը ձեզ խանգարո՞ւմ է, որ դուք Հայաստանում իրականացնեք ձեր հեղափոխական նպատակները, կամ Վիտալի Բալասանյա՞նն է խանգարում։ Ինչի՞ են այսպես սրվում հարաբերությունները»,- իշխանություներին դիմեց Ա. Սարգսյանը՝ նկատելով, որ այսպես կարող է Արցախում լարվածությունը սրվել այն աստիճանի, որ հետո չստացվի այդ լարվածությունը մեղմել։
Ըստ Արամ Սարգսյանի՝ դա սուբյեկտիվ վերաբերմունք է, որն ազդելու է հիմնահարցի կարգավորման վրա. «Չեմ կարողանում հասկանալ՝ այս մարդիկ գիտե՞ն՝ միջազգային հարաբերությունները ոնց են ձևավորվում, գիտե՞ն՝ որտեղ կարելի է լռել, որտեղ խոսել կամ գործել»։
Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Տեր-Պետրոսյանի ուղեգիծը տանելու վերաբերյալ մտահոգությունների մասին բարձրաձայնեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը։
«Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում Սերգո Երիցյանին, որ մինչ Արցախի հարցը չլուծվի, Սերգո ջան, լավ չես ապրի, ես էլ պատրաստ եմ ասել նույնը, որ Հայաստանը լավ չի ապրի Արցախի հանձնումից հետո….»,- ասաց նա՝ հավելելով, որ այն կբերի նաև հանրության բարոյալքման՝ հաղթող ժողովրդից վերածվելու ենք պարտվող ժողովրդի:
168.am-ի հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված այդ մտահոգությունները՝ արդյո՞ք ի դեմս Փաշինյանի՝ տեսնում եք Լևոն Տեր-Պետրոսյանի ուղեգծի շարունակողին, Ա. Սեդրակյանը պատասխանեց. «Ոչ միայն դա, նաև կա իշխանական հռետորաբանություն, և առայժմ այդ հռետորաբանությունն Արցախի հարցում լավագույն պարագայում լուռ է կամ նեյտրալ»։
Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ հավելեց, որ Արցախի լինել-չլինելը նաև Հայաստանի գոյության հարցն է.
«Արցախը կա, պետք է լինի և պետք է լինի Հայաստանի մաս: Եվ այդ միացում գաղափարը պետք է իրականացվի: Եթե չի արվելու, ապա մենք լինելու ենք այս իրավիճակում՝ ստատուս-քվոն էլ չի պահպանվելու»։
Զարուհի Դիլանյան