«Ես նայեցի քննիչ հանձնաժողովի կազմը և ծիծաղեցի…». Վոլոդյա Հովհաննիսյան

2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը միանշանակ չի ընդունվել հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում։ Ըստ ազատամարտիկ, պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանի՝ այդ հանձնաժողովի ստեղծումը վիրավորանք է 102 զոհերի հանդեպ։

«Ես ապրիլի 3-ից եղել եմ առաջնագծում, խոսել եմ և՛ տանկիստների հետ, և՛ հրետանավորների հետ։

Այն խոսքերը, թե չի եղել դիզվառելիք տանկերի մեջ, սո՛ւտ է, թե չի եղել փամփուշտ՝ սո՛ւտ է, թե չի եղել մատակարարում՝ սո՛ւտ է…..», -ասաց նա՝ հավելելով, որ Ապրիլյան պատերազմը միայն եղել է հաղթանակ։

Անդրադառանալով քննիչ հանձնաժողովի կազմին, Վ. Հովհաննիսյանը նշեց. «Ես նայեցի քննիչ հանձնաժողովի կազմը և ծիծաղեցի. մարդ, ով բանակից չարամտորեն խուսափել է, քննիչ հանձնաժողովում է։

Ես Անդրանիկ Քոչարյանին հարգում եմ, բայց նա չունի պատերազմի ստրատեգիական կառավարման այնպիսի փորձառություն, որ կարողանա վերհանել խնդիրները»։
«Անդրանիկ Քոչարյանը, գիտե՞ք՝ ինչու է այդ հանձնաժողովի նախագահ, որովհետև ինքը ուզել է Հոկտեմբերի 27-ից հետո դառնալ փոխվարչապետ, Ռոբերտ Քոչարյանը չի թողել, աբիժնիկ է մնացել. հիմա եկել է, ուզում է վրեժ լուծել»,- դիմելով Հովհաննիսյանին՝ հայտնեց վերլուծաբան Մենուա Հարությունյանը։

Վերլուծաբանը հավելեց նաև, որ այդ հանձնաժողովի ողջ իմաստը նրանում է, որ ստեղծվի հերթական գործիքը քաղաքական հակառակորդներին ճնշելու, հալածելու, նրանցից ազգի դավաճաններ կերտելու համար. «որպեսզի սեփական իշխանությունը պահի»։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին հրավիրած խորհրդակցության ընթացքում Փաշինյանը հայտարարել էր, որ հասունացել է ժամանակը՝ 2016թ. Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և բոլորին հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: Այս հայտարարությանը հաջորդել էր հանձնաժողովի ստեղծումը։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս