«ՀՔԾ պետի կամակատարին ՍԴ անդամ են ընտրում, որովհետև Նիկոլն է էդպես ուզում». Մենուա Հարությունյան

Սրանք շոուներ են, տեսարաններ, որոնցով կերակրում են հասարակությանը, որովհետև չեն կարողանում սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծել։ Անդրադառնալով աղմկահարույց դատավարություններին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց վերլուծաբան Մենուա Հարությունյանը։

ՀՀ երկրորդ նախագահի դատավարության մասին խոսելիս նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի մոտ Ռոբերտ Քոչարյանից վրեժ լուծելու մոլուցքն այնքան մեծ է, որ պատրաստ է ամբողջ դատական համակարգը  ոչնչացնել՝ իր ուզածին հասնելու համար։

«Երբ փոխեցին կալանքը, ինքն ինչ արեց՝ Սահմանադրական կարգը տապալելու տրամաբանությամբ կոչ արեց հասարակությանը գնալ, դատարանները շրջափակել: Այսինքն՝ իր համար առավել կարևոր է վրեժխնդրությունը, քան դատական համակարգի կայունությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ դրանք քայլեր են՝ սեփական իշխանությունը պահելու համար։

Մարտի 1-ի ու Ռոբերտ Քոչարյանի դատավարության շուրջ դիտարկումներ արեց նաև պատմաբան, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ նշելով, որ «Մարտի 1-ին կրակելու հրամանը առաջինը տվել է» Նիկոլ Փաշինյանը.

«Պետական հեղաշրջման, Սահմանադրական կարգի տապալման փորձ կատարվել է Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցների կողմից»։

Խոսելով քաղաքական գործընթացներից և այդ գործընթացներում իշխանության դերի մասին՝ բանախոսներն անդրադարձան վերջին մի քանի իրադարձություններին՝ Աբովյան քաղաքում ընտրություններին,  ՔՊ համագումարին, Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի անդամի ընտրությանը։

Ըստ Վ. Հովհաննիսյանի՝ այսօր ունենք իշխանություն, որն առաջնորդվում է ցինիզմի գաղափարախոսությամբ, իսկ Մ. Հարությունյանը նկատեց.

«Իշխանության բնույթը շատ լավ բացահայտվեց վերջերս, երբ որ Աբովյանի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետն ասաց, որ՝ ոստիկանությունը եթե լավ աշխատեր, մենք կհաղթեինք: Սա նշանակում է, որ Նիկոլի իշխանությունն արդեն պետք է ոստիկանության հետևը թաքնված գոյատևի. իրենք կորցնում են հասարակության վստահությունը, կորցնում են հասարակության հետ կապը ու սկսելու են արդեն հույսները դնել ոստիկանության վրա»։

Վերլուծաբանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է փոխարինում Սահմանադրությանը.

«Ինքը մարդ-Սահմանադրություն է. Ինքն ինչ ասում է, այդպես է լինում, կապ չունի՝  դա Սահմանադրությանը հակասում է կամ ոչ. Օրինակ՝ տեսեք՝ մենք լսել ենք հեռախոսազրույց, որտեղ ՀՔԾ պետը ասում է՝ այդ տղային (Վահե Գրիգորյանին), ինչ պետք է՝ կասենք-կանի:   Այսինքն` ՀՔԾ պետի կամակատարին Սահմանադրական դատարանի անդամ են ընտրում, որովհետև Նիկոլն է էդպես ուզում»։

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս