Արարատ Միրզոյանը՝ ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին
«Մենք կոշտ դիրքորոշում ունենք աշխարհի բոլոր երկրների կողմից մեր երկրի ներքին գործերին միջամտելու փորձի տեսական հնարավորություն դիտարկելու հետ կապված»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրելու հանգամանքին:
Նա հավաստիացրեց, թե կոնկրետ այդ հանդիպման մասին որևէ այլ մանրամասնությամբ տեղյակ չէ:
Ա.Միրզոյանը նկատեց, որ նախկինում նման այլ զրույցներ կարծես չեն եղել. «ՌԴ դեսպանի հետ ես ինքս բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել, բազմաթիվ հարցեր քննարկել, խոսել, այդ թվում՝ փոխադարձ ինքնիշխանությունը հարգելու մասին»:
Դիտարկամը, թե դրանք կարծես արդյունք չեն տվել, Ա.Միրզոյանը հակադարձեց.
«Բոլորովին, չէի ասի: Ես ինքս չեմ ողջունում, ԱԳՆ են հրավիրել, զրուցել են: Հեռուն գնացող հետևություններ պետք չէ անել: Խոսքը ոչ թե նրա մասին է, որ որևէ երկրի դեսպան չպետք է հանդիպի ՀՀ քաղաքական ներկապնակի որևէ առանձին ներկայացուցչի հետ, ո՛չ, քավ լիցի, ամենևին, բոլորը բոլորին կարող են հանդիպել, խոսքն այն մասին է, որ հանդիպում է մի մարդու, որին շատ լուրջ մեղադրանք է առաջադրված, կա դատական գործընթաց, որի շրջանակներում որևէ այսպիսի հանդիպում, ակնարկ կարող է դիտվել որպես միջամտություն: Ոչ թե դասական քաղաքական գործչի մասին ենք խոսում, այլ մի քիչ այլ, քան դասական քաղաքական գործիչ է, որովհետև շատ լուրջ մեղադրանք կա»: