Նիկոլ Փաշինյանն ինչ տեսլական է ներկայացրել Արցախի իշխանություններին

Հունիսի 5-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արցախի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերն ինքն է փոխանցել ԼՂ իշխանություններին, դրանից առաջ նրանք տեղյակ չեն եղել, թե ինչ է բանակցվել: Ուշագրավ էր նաև Ն. Փաշինյանի հայտարարությունը, թե և՛ ԼՂ-ի, և՛ ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ներկայացրել է Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը:

«ԼՂ-ի և ՀՀ-ի ռազմաքաղաքական ղեկավարության հետ մի քանի անգամ հանդիպումների ժամանակ ներկայացրել եմ Արցախի հարցի լուծման վերաբերյալ իմ տեսլականը և հետաքրքրվել՝ համաձա՞յն են դրա հետ, թե՞ ոչ։ Պարզվել է,  որ բոլորը համաձայն են դրա հետ: Եվ երբ դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրում են տակից՝ ասելով, որ՝ ա՛յ, էս կառավարությունը հողեր է ծախում, իմ մոտ հարց է առաջանում՝ ես էս մարդու հետ նստել, խոսել եմ գաղտնիության պայմաններում, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով մենք պետք է գնանք առաջ, եթե էս մարդը դուրս ա գալիս իր օգնականին ասում է՝ գնա Ֆեյսբուքում գրի, թե Փաշինյանը հողերը ծախում ա, ինչի՞ համար ա ինքը դա անում: Ինքը գիտի 100%-ով, թե ինչ ա կատարվում: Եվ ընդ որում՝ երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի ինֆորմացիա չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել տեղյակ պահել, թե ինչ է կատարվում, ինչ են մտածում և ինչ են ուզում ասել: Ես եմ Ղարաբաղի հարցի բանակցային պրոցեսի վերաբերյալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին: Նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ է բանակցվել դրանից առաջ, տեղակ չեն եղել»,- ասել էր վարչապետը:

168.am-ը Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց, թե վարչապետ Փաշինյանն Արցախի հարցի լուծման վերաբերյալ ի՞նչ տեսլական է ներկայացրել Արցախի իշխանություններին։

«Հարցի կարգավորման համար կողմերից յուրաքանչյուրն ունի իր բանաձևը՝ հայկական ու ադրբեջանական կողմերն ունեն տարբեր տեսլականներ։ Այստեղ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել՝ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի բռնակցի Արցախը, իսկ մենք հայտարարում ենք, որ մեզ համար անվտանգությունն ու անկախությունը բացառիկ արժեքներ են։ Չի կարող լինել լինել վերադարձ անցյալին»,- պատասխանեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ Արցախի իշխանություններին ներկայացնելով հարցի լուծման իր տեսլականը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ չի կարող լինել որևէ քայլ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգությունը, և չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որը հակառակ կլինի Արցախի և առհասարակ հայ ժողովրդի կամքին։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս