«Ադրբեջանն ավելի է սաստկացրել իր քաղաքականությունը». Դավիթ Բաբայան

Սահմանում ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, որևէ տարօրինակ բան չի կատարվում։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ սահմանում տիրող իրավիճակին։

«Մեր հակառակորդը նույնն է, որը չի վերանայել իր մոտեցումները, ցանկությունները և գաղափարները։ Սա Ադրբեջանն է, որը 3 տասնամյակ վարվում է նույն ձևով։ Ճիշտ է, Փաշինյան-Ալիև հանդիպումների արդյունքում ՝սահմանում խախտումների քանակը կտրուկ նվազել է, ինչն ընդհանուր առմամբ պահպանվում է, բայց սա միայն մի ուղղությունն է, մնացած շերտերում Ադրբեջանն ավելի է սաստկացրել իր քաղաքականությունը՝ զորավարժություններ Թուրքիայի հետ համատեղ, որի կարգախոսները բոլորիս հայտնի է։ Չեն թաքցնում, որ իրենց թիրախում Արցախն ու Հայաստանն են։ Ադրբեջանը վարում է ահաբեկչական քաղաքականություն՝    քաղաքական և տեղեկատվական դաշտում։ Այսինքն՝ որևէ բան չի փոխվել, այն է, ինչ միշտ տեղի է ունեցել, և շարունակում է նույն փիլիսոփայությամբ»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը, թե՝ վաշինգտոնյան հանդիպումից ակնկալում են կոնկրետ արդյունքներ, Դ. Բաբայանը նկատեց՝ Ադրբեջանի պահանջները հստակ են, որը երբևէ չի վերանայում իր մոտեցումը, քանի որ ցանկանում է, որպեսզի Արցախի Հանրապետություն գոյություն չունենա, և դրան Արցախը կամավոր տա իր համաձայնությունը, ինչը, իհարկե, անհնարին է։

Հարցին՝ Արցախն ի՞նչ ակնկալիքներ ունի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից, Դավիթ Բաբայանը պատասխանեց.

Կարդացեք նաև

«Մենք ցանկացած հանդիպում արժևորում ենք, ինչը թույլ է տալիս տարածաշրջանում պահպանել խաղաղություն և կայունություն։ Ինքնին այս ամենը շատ կարևոր է, բայց ակնկալել ինչ-որ առաջընթաց՝   հաշվի առնելով, որ Ադրբեջանը որևէ ձևով չի վերանայում իր դիրքորոշումը՝ վաղաժամ է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը կհանդիպեն հունիսի 20-ին Վաշինգտոնում՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին մայիսի 13-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս