Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնը թորիների առավել մեծ աջակցությունն է ստացել կուսակցության առաջնորդի և վարչապետի ընտրություններում

Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ վարչապետի պաշտոնի տասը թեկնածուներից յոթն անցել են քվեարկության երկրորդ փուլ, որը թորի անդամների շրջանում անցկացվում է Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում: Այդ մասին ձայների հաշվումից հետո հայտարարել է պահպանողականների խորհրդարանական խմբակցության 1922 կոմիտեի ներկայացուցիչ Շերիլ Գիլանը: Կառավարության ղեկավարի պաշտոնի թեկնածուների թվում մնացել են միայն տղամարդիկ։

Քվեարկության առաջին փուլի արգելքը հաղթահարելու համար թեկնածուներին պահանջվում էր 17 պահպանողական պատգամավորի կամ Համայնքների պալատում թորիների խմբակցության թվաքանակի 5 տոկոսի աջակցությունը: Այդ խնդիրն ուժից վեր է դարձել աշխատանքի եւ թոշակների գործերի նախկին նախարար Էսթեր Մաքվեյի համար, որն ստացել է ընդամենը ինը պատգամավորի աջակցությունը, ֆինանսների նախկին նախարար Մարկ Հարփերի (10 ձայն) եւ Համայնքների պալատի նախկին ղեկավար (խորհրդարանի ստորին պալատում բրիտանական կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմի (11 ձայն) համար:

Առավել մեծ աջակցությունը՝ 312 պատգամավորներից 114-ի, ստացել է արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը: Նրան հաջորդում են Ֆորին օֆիսի ներկայիս ղեկավար Ջերեմի Հանթը (43) եւ Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենամթերքի եւ գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը (37): Այս արդյունքները հաստատել են սկզբնական կանխատեսումները, որոնք այս երեք քաղաքական գործիչներին էին առանձնացնում որպես ներկուսակցական նախընտրական մրցարշավի ֆավորիտներ:

Մնացած թեկնածուների արդյունքները, որոնք անցել են երկրորդ փուլ, այսպիսին են. Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբ (27), Թագավորության ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդ (23), առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Մեթ Հենքոք (20), միջազգային զարգացման հարցերի նախարար Ռորի Սթյուարթ (19):

«Այսպիսով՝ յոթ թեկնածուներ իրավունք ունեն մասնակցելու հաջորդ քվեարկությանը, որը կկայանա երեքշաբթի՝ հունիսի 18-ին,-ասել է Գիլանը, որը գլխավորում է 1922 կոմիտեն, որը միավորում է շարքային թորի պատգամավորներին եւ զբաղվում է պահպանողականների ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերով: Բորիս Ջոնսոնն արդեն հասցրել է կուսակիցներին շնորհակալություն հայտնել աջակցության համար, սակայն խոստովանել է, որ մինչեւ հաղթանակ դեռ հեռու է:

«Շնորհակալություն ձեզ, իմ բարեկամներ ու Պահպանողական կուսակցության գծով իմ գործընկերներ, ձեր աջակցության համար: Ես շատ ուրախ եմ քվեարկության առաջին փուլում հաղթելու համար, սակայն մենք երկար ճանապարհ ունենք անցնելու»,-գրել է Ջոնսոնը Twitter-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս