«Մանվել Գրիգորյանը կապ չունի իր պանսիոնատում հայտնաբերված զենքի հետ». փաստաբան

«Նախկին պատգամավոր, «Երկրապահ» կամավորական միության նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի  կալանքի համար հիմքերը բացակայում են»,- լրագրողների հետ զրույցում պնդեց փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Զենք-զինամթերքը, որ հայտնաբերվել է պանսիոնատում, այնտեղ 10-յակից ավելի կազմակերպություններ են գործում,  այնտեղ է նետաձգության ֆեդերացիան, եղել է նաև ԵԿՄ պահեստը: Այդ տարածքի սեփականատերը եղել է Մանվել Գրիգորյանը, բայց ունեցել է պատասխանատու:

Մանվել Գրիգորյանին երբ  տեղեկացրին հայտնաբերվածի մասին՝ ասաց, որ պատասխանատուն այսինչ անձնավորությունն է, թող գնա պատասխան տա: Այդ անձնավորությունը եղել է այդ տարածքի տնօրենը:  Ասենք՝ պետական հիմնարկ է, զենք հայտնաբերեն, կգնան սեփականատիրո՞ջը պատասխանատվության կենթարկեն՝ շենքի պարետի փոխարեն: Ուղղակի աբսուրդ է: Ինչ վերաբերում է առանձնատանը հայտնաբերված զենք-զինամթերքին, դա եղել է օրինական»,- նշեց փաստաբանը:

Լևոն Բաղդասարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը նաև հարկերից չի խուսափել, բայց եթե անգամ նման բան է եղել, ասել է, որ պատրաստ է հատուցել վնասը, և այդ դեպքում գործը ենթակա է կարճման:

«Անձը կամավոր ցանկացել է հատուցել վնասը, ո՞րն է պատճառը, որ չեն վերցրել, չեն կարճել գործը»,- հարց բարձրացրեց փաստաբանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս