«Գազի սակագնի հետ կապված բանակցություններն ավարտական փուլում են». «Գազպրոմ Արմենիա»
Նախօրեին «Ինտերֆաքսը» տեղեկացրել էր, որ հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության և բնակչության համար գազը կթանկացնի 1.4 տոկոսով՝ կատարելով Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիսի 13-ի հրամանը:
2018 թվականին գազի գինը ինդեքսավորվել է 3.4 տոկոսով, իսկ 2020 թվականին աճը կլինի 3 տոկոս։ 2019թ. ինդեքսիկացիայում հաշվի է առնվելու նաև ԱԱՀ աճը, որը սկսած այս տարվա հունվարի 1-ից՝ 18 տոկոսի փոխարեն՝ 20 տոկոս է կազմում։
Մտավախություն կա, որ, եթե գազը թանկանում է Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար, ապա այն, ամենայն հավանականությամբ, կթանկանա նաև Հայաստանի համար։
168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից փորձեց ճշտել՝ որքանով Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար գազի թանկացումը կարող է անդրադառնալ ՀՀ բնակչության վրա։
Ընկերության լրատվական ծառայությունից մեզ պատասխանեցին, որ բանակցությունները, սակագնի հետ կապված, ավարտական փուլում են, և «Գազպրոմ Արմենիան» առաջիկայում հարցի հետ կապված կհայտնի իր դիրքորոշումը։