Կառավարությունը նախարարություններից կրճատված կադրերին կանգնեցրել է փաստի առաջ
Կառավարությունն օպտիմալացման շրջանակներում կրճատումների գնալը հարկ չի համարել ֆորմալացնել կանխավ՝ կրճատվող 5 նախարարություններին իջեցվող ծանուցումների միջոցով: Գործադիր մարմնից արհամարհվել է օրենքի պահանջը, ըստ որի՝ պետությունը, որպես գործատու, իր աշխատակցին պարտավոր էր առնվազն երկու ամիս առաջ պատշաճ տեղեկացնել գործազուրկ դառնալու ռիսկի մասին:
Նախարարությունների աշխատակազմերին մայիսի 29-ին ափալ-թափալ կանչել են, հանձնարարել, թե՝ մտեք քարտուղարություն՝ մայիսի 30-ի ամսաթվով ազատման դիմումներ գրելու, հունիսի 1-ից գործատու չունեք, նախարարություններ չպետք է լինեն:
Մինչդեռ հակառակ վերաբերմունքին են արժանացրել հաջողակ կադրերը, կրճատվող նախարարություններում ներքին կարգով ընտրյալների ցանկն են շրջանառել. բոլոր նրանք, ովքեր զանազան կապերով վերևներում հիմնավորել են իրենց «պիտանելիությունը», նրանց պատշաճ կերպով աշխատակազմերից տեղեկացվել է, որ չանհանգստանան, իրենք ներգրավվելու են վերակազմավորվող կառավարման համակարգում:
Իսկ պետական գործատուն վերջին օրով մարդկանց ազատման դիմումներ պարտադրելով՝ ակնհայտորեն ֆինանսական խնդիր է լուծել, ընդ որում՝ խորամանկ լուծումը տրվել է փաստացի ի վնաս աշխատուժի:
Բանն այն է, որ օպտիմալացված կադրերի ազատման դիմումներով նախարարներն ապահովագրել են իրենց, որպեսզի մարդկանց զրկեն արձակման նպաստի իրավունքից՝ մեկ ամսվա լրիվ աշխատավարձի չափով, փոխարենը՝ հարյուրավոր մարդկանց կանգնեցրել են փաստի առաջ ու սահմանափակվել են միայն վերջնահաշվարկ բաշխելով:
Եվ սա, ընդգծենք, այն դեպքում, երբ կրճատվող նախարարություններում ղեկավարները բարեխիճ չեն գտնվել, օրենքի խախտումով՝ մեկ ամիս առաջ ծանուցումներ չէին ապահովել նրանց գործազուրկ դառնալու մասին:
Փորձեցինք հասկանալ՝ արդյո՞ք պատասխանատու օղակներում ներքին հրահանգով են նախարարներն առաջնորդվել, թե՞ կառավարությունից նախազուշացում չի եղել, և օրենքի խախտումը լոկալ բնույթ է կրում, պատասխան չստացանք:
Բնական է, որ այս անփույթ մոտեցումով աշխատանքի ոչ պրոֆեսիոնալ կազմակերպումը վերևներում չի դիտարկվի՝ որպես կառավարության աշխատակազմի կողմից թույլ տրված «կիքս», որքան էլ դրանից տուժի քաղաքացու շահը:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ տուժած անձանցից մեկի հետ պատահած ուշագրավ դրվագ:
ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը մայիսի 30-ին՝ ճիշտ իր ազատման օրը, զուգադիպությամբ վիրահատվել է և դիմում չի գրել: Այդ օրերին նա գտնվել է արձակուրդի մեջ, ունի իր անաշխատունակության թերթիկը (բյուլետեն), սակայն վիրահատվելուց հետո վերադարձել է ու պարզել, որ իր անաշխատունակ եղած շրջանում կորցրել է աշխատանքը, գործատու չունի, հետևապես՝ չկա իրավասու անձ, ում հետ աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակում «բյուլետենի» գումարը կպահանջի:
Նույն անտարբերությունը կառավարությունը վստահաբար կցուցաբերի նաև ապագայում՝ վերակազմավորվող տասնյակ նախարարությունների ձևավորման փուլում, հետևողականորեն չի պահանջի, որպեսզի աշխատանքային թիմերում որակապես բարձր մասնագետներ ներգրավվեն:
Պետական կառավարման օղակներում նախարարները չեն էլ խորանա՝ արդյո՞ք նոր կառուցվածքում «հավելյալ արդյունք ստեղծող» պետծառայողներ են ներգրավում, ինչպես սիրում է ասել ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, թե՞ քայլելով վաստակած իրավատերեր:
Հիշեցնենք, կառավարության ձեռնարկած կրճատումների արդյունքում 17 նախարարություններից միայն 12-ը կմնան, մի քանիսը՝ վերակազմավորված ֆորմատով: Դրանք են՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, Արտակարգ իրավիճակների, Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Շրջակա միջավայրի, Պաշտպանության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարությունները։ Եվ վարչապետի խոստանում է հավելյալ արդյունք ստեղծող նոր կադրերին շատ ավելի բարձր աշխատավարձեր բաշխել՝ ծախսերի օպտիմալացման հաշվին: Սպասենք խոստումների կատարվելուն…
Սյուզի Բադոյան