Բաժիններ՝

Հայաստան-Լիխտենշտեյն. Առաջին միավորների հետևից

Եվրո-2020-ի ընտրական փուլում թե՛ Հայաստանը, թե՛ Լիխտենշտեյնը դեռևս չեն կարողացել միավորներ հավաքել: Ազգային ընտրանու համար սեփական հարկի տակ համեմատաբար թույլ մրցակցի հետ խաղը կարող է առաջին միավորները վաստակելու հնարավորություն և հետագա հաղթանակների մեկնարկ լինել:

Հայաստան

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաջող մեկնարկել Եվրո 2020-ի ընտրական փուլում՝ երկու պարտություն կրելով Բոսնիայի և Հերցեգովինայի (1:2) և Ֆինլանդիայի ազգային հավաքականներից (0:2):

Ազգային լիգայի D խմբում Հայաստանը  չկարողացավ հաղթել, չնայած նրան, որ ազգային ընտրանին շատ լավ հնարավորություններ ուներ: Բայց, ցավոք, Հյուսիսային Մակեդոնիայից (0:2) և Ջիբրալթարից (0:1) կրած պարտությունները թույլ տվեցին հավաքականին լինել միայն երկրորդ տեղում:

Կարդացեք նաև

Հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը նշում է,  որ հավաքականը  խաղին պատրաստվել է շատ լավ։ Թե՛ մարզչական, թե՛ բժշկական շտաբի կողմից ամեն ինչ արվել է, որպեսզի թիմը պատշաճ կերպով պատրաստ լինի հանդիպմանը։ Մարզչի խոսքով՝ գնդակի վերահսկումը, արագ խաղը և մրցակցի վտանգավոր ֆուտբոլիստներին չեզոքացնելը կարող են որոշիչ գործոններ լինել վաղվա խաղում։ Իրենք ուսումնասիրել են հակառակորդի խաղը, գիտեն նրանց ուժեղ ֆուտբոլիստներին և կարող են խաղալ նրանց դեմ:

«Ինչպես գիտեք՝ փոխվել է Լիխտենշտեյնի հավաքականի գլխավոր մարզիչը։ Հետևաբար՝ փոխվել է նաև խաղաոճը, թիմի մարտավարությունը։ Դիտել ենք Իտալիայի և Հունաստանի հավաքականների դեմ անցկացրած նրանց հանդիպումները, և բավական կազմակերպված թիմի տպավորություն են թողել։

Պետք է չվախենալ դաշտ մտնելուց և ֆուտբոլ խաղալուց։ Եթե Ձեր նշած տրամադրվածությամբ մտնես խաղադաշտ և մտածես, որ սխալվելու իրավունք չունես, ապա անընդհատ կսխալվես։ Պետք է դաշտում ունենաս պատասխանատվության մեծ զգացում, ազատ լինես քո գործողություններում, որպեսզի կարողանաս հասնել դրական արդյունքի»։

Հավաքականի կազմում կան վնասվածք ունեցող 1-2 ֆուտբոլիստներ, ովքեր կարող են պատրաստ լինել մինչ խաղը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է հավաքական հրավիրված և չհրավիրված ֆուտբոլիստների մասին:

  • «Արաս Օզբիլիսն իսկական պրոֆեսիոնալ է։ Երբ նա մնաց առանց թիմի, հենց այդ օրվանից սկսեց անհատական ծրագրով մարզվել։ Մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ ցանկանում է օգնել մեր հավաքականին։ Հուսանք, որ նա կկարողանա օգտակար լինել մեր հավաքականին։
  • Յուրան այս պահին բուժվում է Լեհաստանում։ Այս պահին երկու թիմից առաջարկ ունի, հուսանք, որ մոտակա օրերս հստակություն կլինի այդ հարցում։ Գևորգն էլ մի քանի թիմից առաջարկ ունի, սակայն նա նախընտրում է շարունակել խաղալ Պորտուգալիայում։ Այս պահին նրանք կենտրոնացած են մեր առաջիկա երկու խաղերի վրա։
  • Մարկոսը Հայաստանում է իր անձնական բժշկի հետ։ Օրը երկու վերականգնողական մարզումներ է անցկացնում։ Մեծ և քրտնաջան աշխատանք է կատարում, որպեսզի շուտ ապաքինվի։ Կարծում եմ՝ օգոստոս-սեպտեմբերին նա արդեն կմիանա ընդհանուր խմբին։
  • Մենք խնդիրներ ենք ունենում այն հայազգի ֆուտբոլիստների հետ, ովքեր ներկա պահին հանդես են գալիս Լատինական Ամերիկայում։ Նորբերտոն մայիսի 15-ին վերջին հանդիպումն անցկացրեց իր թիմում։ Մենք մայիսի 24-ին նրան հրավերք ուղարկեցինք՝ նշելով, որ ցանկալի է՝ մայիսի 27-ից նա լինի Հայաստանում և սկսի մարզվել, սակայն ի պատասխան՝ մեզ գրություն եկավ, որ նա հունիսի 4-ից շուտ Հայաստանում լինել չի կարող։ Նա ինքը նշեց, որ լավ մարզավիճակում չի գտնվում։ Մեծ ռիսկերից խուսափելու համար որոշեցինք նրան այս անգամ չհրավիրել։ Սարգսին նախ և առաջ շնորհավորում եմ՝ նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ։ Հայտնի է, որ նա մրցաշրջանի վերջին մի քանի հանդիպումները վնասվածքով էր անցկացնում։ Մենք Սարգսին հրավերն ուղարկել էինք դեռ մինչև նրա՝ «Հոֆենհայմ» տեղափոխվելը, սակայն «Յան Ռեգենսբուրգից» մեզ պաշտոնական նամակ եկավ, որտեղ մանրամասն կերպով նշված էր, թե նա ինչ վնասվածք ունի։ Նա մնաց ապաքինվելու, որպեսզի վնասվածքը խորացնելուց խուսափենք։
  • Հետևում ենք նաև Բելառուսում հանդես եկող Գրիգոր Աղեկյանի մրցելույթներին։ Մենք հիմա գոլահար հարձակվողի կարիք շատ ունենք։
  • Գեղամ Հարությունյանը կար հավաքականի ընդլայնված ցանկում։ Վերջին խաղում նա անգամ 4 գոլի հեղինակ դարձավ։ Այս անգամ, սակայն, մենք որոշեցինք հրավիրել Արթուր Միրանյանին, ով, իմ կարծիքով՝ ավելի կայուն խաղ է ցույց տալիս»։

Լիխտենշտեյն

Լիխտենշտեյնի հավաքականը շատ անհաջող հանդես եկավ Ազգերի լիգայում և վաստակեց ընդամենը 4 միավոր՝ հաղթելով Ջիբրալթարին (2:0) և ոչ-ոքի խաղալով Հայաստանի հետ (2:2):

Եվրո-2020-ի որակավորման փուլ ևս անհաջող ստացվեց: Լիխտենշտեյնի հավաքականը պարտվեց  Հունաստանին (0:2) և Իտալիային (0:6):

Որակազրկման պատճառով այս խաղը բաց կթողնի փորձառու պաշտպան Դանիել Կաուֆմանը:

Հայտացուցակում չեն ընդգրկվել հարձակվող Ֆիլիպ Էրնեն և պաշտպան Իվան Կինտանսը: Վնասվածք է ստացել թիմի հիմնական դարպասապահ Բենջամին Բուխելը:

Լիխտենշտեյնի գլխավոր մարզիչ Հելգի Կոլվիդսոնը նշում է, որ Հայաստանի հավաքականը խմբում լավ հնարավորություններ ունի և չի պատրաստվում պայքարել նախավերջին տեղի համար:

Ըստ Կոլվիդսոնի՝ ընտրական այս խմբում կան ընդգծված ֆավորիտներ, սակայն Հայաստանը ևս լավ հանդես գալու դեպքում կարող է պայքարել նրանց դեմ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս