«Ենթադրում եմ, որ դատարանն արձանագրել է իրավունքի բոլոր խախտումների առկայությունը». Հովհաննես Խուդոյան

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, Հովհաննես Խուդոյանի ներկայացրած բողոքը բավարարեց մասնակի՝ արձանագրելով Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտում:

Միաժամանակ, Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտումը վերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի և քննիչ Մուշեղյանին վարույթից հեռացնելու՝ դատախազի պարտականությունները սահմանելու պահանջի մասով դատարանը բողոքը մերժեց:

Այս որոշումը 168.am-ը խնդրեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, սույն գործով դատարանում երկրորդ նախագահի շահերը պաշտպանող Հովհաննես Խուդոյանին։

«Հրապարակման մասը ես լսեցի։ Ենթադրում եմ, որ դատարանն արձանագրել է իրավունքի բոլոր խախտումների առկայությունը, և մասնակի բավարարումը պայմանավորված է եղել խախտումները վերացնելու կամ չվերացնելու՝ վարույթն իրականացնող մարմնի պարտականության հետ։ Գործը հիմա փոխանցվել է դատարան, և քննարկում գնաց, որ քանի որ հիմա գործն արդեն դատարանի վարույթում է, քննիչը կամ դատախազը չեն կարող խախտումները վերացնել։ Այդ պատճառով բողոքի այդ մասը ենթակա է մերժման, բայց ենթադրում եմ, որովհետև ուրիշ տեքստ չասվեց, բոլոր խախտումների վերաբերյալ, մասնակի և ոչ մասնակի, խախտումներն արձանագրվել են»,-ասաց Հովհաննես Խուդոյանը։

Կարդացեք նաև

Մեր ճշտող հարցին, թե կարո՞ղ ենք ենթադրել, որ դատարանը ճանաչել է Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախտման փաստը, բայց կոնկրետ գույքի վրա դրված կալանքը վերացնելու որոշումը բուն գործը քննող դատավորը պետք է կայացնի, երկրորդ նախագահի փաստաբանական թիմի անդամը տվեց հաստատական պատասխան։

Հիշեցնենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի անշարժ գույքի (բնակարան, հողատարածք) և դրամական միջոցների մասին է։

Տեսանյութեր

Լրահոս