«Հույս ունեմ, որ այդ սխալի գիտակցությունը վարչապետի մոտ կա, և փորձ է արվում որոշակիորեն հարթել և փակել մայիսի 20-ի ամոթալի էջը». Ռուբեն Մելիքյան

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել ներքաղաքական տարբեր խնդիրների ու իրադարձությունների վերաբերյալ։ Մասնավորապես նա ասել էր, որ՝ «Դատարանների մուտքերն արգելափակելու նպատակն ի ցույց դնելն էր, որ ես կապ չունեմ դատական համակարգի որոշումների հետ»։

 168.am-ի հետ զրույցում «Իրավական ուղի» իրավապաշտպան հ/կ-ի նախագահ, Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ասաց, որ նման պնդում անելու համար շատ տարօրինակ եղանակ էր ընտրված, բայց մյուս կողմից, ըստ նրա՝ կարելի է ասել, որ վարչապետի այս հայտարարությունը նաև կարող է վկայել այն մասին, որ որոշակի գիտակցություն կա այդ գործողությունների սխալ լինելու մեջ։

«Ես հույս ունեմ, որ արդեն իսկ այդ գիտակցությունը վարչապետի մոտ կա, և պարզապես փորձ է կատարվում որոշակիորեն հարթել և փակել մայիսի 20-ի այդ ամոթալի էջը»,- ասաց նա։

Ն. Փաշինյանը նաև հայտարարել է. «Մի դրեք մի բանի պատասխանատվությունն իմ վրա, որի հետ ես կապ չունեմ: Բայց եթե հանրությունն այդ պատասխանատվությունը դնում է իր վրա, և մենք այս մեկ տարին սպառված ենք համարում, որ դատական համակարգն ինքն ինքնամաքրման պրոցես սկսի, ուրեմն գալիս է քաղաքական որոշումների ժամանակը»:

Ռ. Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հայտարարությունը հերթական անգամ իր վրայից պատասխանատվությունը հեռացնելու միտում չուներ:

«Պրոբլեմը գալիս է նրանից, որ մեր իշխող քաղաքական ուժն իսկապես ի սկզբանե փորձ է կատարել խնդիրների լուծումն իրենից տարանջատել։ Մենք իրականում դատական համակարգում ունենք բազմաթիվ խնդիրներ, այդ խնդիրները գույքագրված չեն, այդ խնդիրները իրականում բացահայտված և պարզաբանված չեն։ Դրա փոխարեն՝ ժամանակ առ ժամանակ, երբ քաղաքական ուժի համար ոչ հաճո որոշումներ են կայացվում դատական մարմինների կողմից, տեղի է ունենում հերթական ցնցումը։ Երկու հատկանշական, կարևոր որոշումներ եղան, մեկը՝ օգոստոսին, մյուսը՝ մայիսին։ Առաջինից անմիջապես հետո վարչապետը մատ թափ տվեց հրապարակից դատական իշխանության վրա, երկրորդից հետո կատարեց դատարաններն արգելափակելու այդ հակասահմանադրական հրահանգը։ Դա նշանակում է պարզապես՝ կտրականապես սխալ որոշում խնդիրների լուծմանը»,- ասաց Մելիքյանը։

Նա վստահ է, որ գործադիր և օրենդիր իշխանություններն առհասարակ չպետք է միջամտեն դատական իշխանությանը վերաբերող խնդիրներին, բայց օրենսդիր իշխանությունը՝ որպես ՀՀ օրենսդրությունը մշակող իշխանություն, գործադիրը՝ որպես այդ օրենսդրությունը կիրառող իշխանություն, լիարժեք իրավունք ունեն որոշակի հարթակներ ստեղծել խնդիրները բացահայտելու համար։

Ընդ որում, ինչպես կարծում է Արցախի նախկին ՄԻՊ-ը, այդ հարթակները պետք է ձևավորվեն ներառականության սկզբունքով, որպեսզի հասկանալի լինի, թե որոնք են խնդիրները, ու դրանք շարունակեն լուծվել, այլ ոչ թե ժամանակ առ ժամանակ անհասկանալի դեղատոմսեր առաջադրվեն։

«Այո, ես տեսնում եմ պատասխանատվությունից զերծ մնալու միտումներ, բայց ողջ հարցն այն է, որ մենք պետք է երկու տարբեր բաներ տարանջատենք. Առաջինը՝ միջամտել դատական իշխանության գործունեությանը, և երկրորդը՝ որպես օրենսդիր և գործադիր իշխանությունների համար պատասխանատու քաղաքական ուժի ղեկավար՝ փորձել մշակել անհրաժեշտ բարեփոխումներ կոնկրետ դատական իշխանության հետ կապված հարցերում, փորձել հասկանալ իրավիճակը։ Ես վստահ եմ, որ այսօր որևէ մեկը Հայաստանում ամբողջական պատկերացում չունի դատական իշխանությանը վերաբերող խնդիրների մասին։ Ավելին, այդ պատկերացում չունենալու արդյունքում կատարվում են կտրուկ և անհեռատես քայլեր, որոնք էլ ավելի են խորացնում խնդիրները»,- նշեց նա: Ըստ նրա՝ այդ հայտարարություններն այդ առումով երկակի նշանակություն ունեին. «Մի կողմից՝ դրանք շարունակում են նախկին գիծը, մյուս կողմից՝ ինձ մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ փորձ էր կատարվում մայիսի 20-ը ներկայացնել շատ ավելի մեղմ տոնայնությամբ»։

Ըստ Ռ. Մելիքյանի՝ այստեղ նաև հաշվի են առել այն հանգամանքը, որ ուժգին հակազդեցություն եղավ տարբեր կողմերից՝ թե դատական համայնքի, թե հասարակական կազմակերպությունների մի ստվար հատվածի, թե քաղաքական ուժերի, և թե միջազգային գործընկերների կողմից։

«Ի վերջո, մենք եվրոպական պետությունների ընտանիքի, ՄԱԿ-ի անդամ ենք։ Մենք չպետք է այնպիսի բաներ անենք, որոնք հետագայում մեր պետության վարկը հավասարեցնեն զարգացման խիստ ցածր մակարդակ ունեցող պետությունների հետ։ Մենք ճանապարհ ենք անցել։ Ամենամեծ պրոբլեմն այն է, որ իշխող քաղաքական ուժը կարծես թե չի ուզում ընդունել այդ ճանապարհը և ամեն ինչում նախկինում վատն է տեսնում։ Սա նաև այն պատճառն է, որն իմ և ինձ պես շատերի համար ստեղծում է  մոտիվացիա՝ ամեն կերպ հակազդել այս գործընթացին։ Որովհետև շատ մարդիկ ջանք են թափել, աշխատանք են կատարել և արդյունք են ստացել, և չի կարելի այդ արդյունքը զրոյացնել, հատկապես՝ այն դեպքում, երբ իշխող քաղաքական ուժը, իմ պատկերացմամբ՝ դեռևս որևէ շոշափելի արդյունք չի ստեղծել»,- նկատեց Ռուբեն Մելիքյանը։

Մեր դիտարկմանը՝ արդյո՞ք դատարաններն արգելափակելու կոչը հետևանքը չէր միջազգային գործընկերների կողմից 2018թ. հոկտեմբերի 2-ին ԱԺ-ն արգելափակելու ոչ համարժեք արձագանքին, և սա հատկապես հատկանշական է այն համատեքստում, որ դատարաններն արգելափակելու նախընթաց երեկոյան ոչ հրապարակային հանդիպում էին ունեցել վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ու ԵՄ հայաստանյան հանձնակատար Պյոտր Սվիտալսկին, որի վերաբերյալ այդպես էլ բացատրություն չտրվեց, Ռուբեն Մելիքյանն ասաց.

«Տեղյակ չեմ, չեմ կարող դրա հետ կապված գուշակություններ անել, բայց ակնհայտ էր, որ այդ հանդիպումը, որի վերաբերյալ կարծեք թե մամուլում եղան տեղեկություններ, և դրանք չհերքվեցին, ուղիղ կապ ուներ հաջորդ օրը տեղի ունեցող գործողությունների հետ։ Դժվար է հակառակը պնդել, որովհետև եթե երկրում կարևոր իրադարձություն է կատարվում, շատ տրամաբանական է, որ կարևոր նշանակություն ունեցող միջազգային գործընկերների հետ շփումներ են տեղի ունենում։ Բայց այստեղ հարցն այն է, թե որն է եղել գինը, և մենք, կարծում եմ, ժամանակի ընթացքում կարող ենք նաև այդ հարցում դատողություններ անել, որի արդյունքում կոնկրետ դեսպան Սվիտալսկու կողմից գնահատականները, մեղմ ասած, համարժեք չէին իրավիճակին»։

Տեսանյութեր

Լրահոս