Հնդկաստանի օդուժն սկսել է Հիմալայներում զոհված ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությունը. Reuters
Հնդկաստանի ռազմաօդային ուժերը ձեռնամուխ են եղել ութ ալպինիստների մարմիններն իջեցնելու գործողությանը, որոնք զոհվել են Հիմալայան լեռների Նանդադեւի արեւելյան լեռնագագաթին: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Աճյունները վերադարձնելը կտեւի առնվազն 10 օր»,-հայտարարել է Վիջայ Ջոգդանդեն՝ Ութարաքհանդի նահանգի Փիթհոռագարխ շրջանի ղեկավարը, որտեղ անցկացվում է գործողությունը: Մարմիններն իջեցնելու համար Նանդադեւի բարձունք է ուղարկվել ուղղաթիռ՝ զինվորական ալպինիստներով: Գործողության մասնակիցներն այն որպես «քիստ ռիսկային» են գնահատում եղանակային բարդ պայմանների եւ զոհվածների գտնվելու ենթադրյալ վայրի՝ ծովի մակերեւույթից ավելի քան 7 հազար մետր բարձրության պատճառով:
Ալպինիստների կորած խմբում էին Մեծ Բրիտանիայի չորս հպատակ, ԱՄՆ-ի երկու քաղաքացի, ինչպես նաեւ Հնդկաստանի ու Ավստրալիայի քաղաքացիներ: Նրանք պետք է բազային ճամբար վերադառնային մայիսի 31-ին: Սակայն խումբը սահմանված ժամկետում չի եկել: Խմբի հետ ոչ մի կապ չի հաջողվել հաստատել:
Հունիսի 3-ին որոնիչ ուղղաթիռներն օդից հայտնաբերել են հինգ մարմին, ինչպես ենթադրում են՝ կորած ալպինիստների: Եվս երեքի ճակատագիրն անհայտ է: Իշխանությունները կարծում են, որ նրանք նույնպես զոհվել են: Հնարավոր է՝ նրանց մարմինները գտնվում են մյուսների կողքին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: