
Կիմ Չեն Ունը Վիետնամին խնդրել է 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել ԿԺԴՀ-ին

ԿԺԴՀ-ն Վիետնամին խնդրել է պարտքով 300 հազար տոննա պարենամթերք տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը՝ վկայակոչելով սեփական բարձրաստիճան աղբյուրներ:
Նրա տվյալներով՝ համապատասխան խնդրանքը Վիետնամի ղեկավարության հետ այս տարվա փետրվարին Հանոյում կայացած հանդիպումների ընթացքում հնչեցրել Է ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունը: Վիտնամի կառավարությունը «դրական պատասխան է տվել», նշում է թերթը:
Ինչպես ավելի վաղ հայտնել են ԿԺԴՀ-ի զանգվածային լրատվամիջոցները, 2019 թվականի հունվարից մինչեւ մայիսի 15-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետությունում գրանցվել են միջինը ընդամենը 56,3 մմ տեղումներ, ինչը վերջին 100 տարվա ընթացքում ամենածանր երաշտի պատճառ է դարձել:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գնահատումների համաձայն՝ ներկայում հանրապետության 10 միլիոնից ավելի բնակիչներ սննդամթերքի պակաս են զգում, եւ նրանք բավականաչափ պարենամթերք չունեն մինչեւ հաջորդ բերքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: