Բաժիններ՝

Սերենա Ուիլյամսն առաջին մարզուհին է դարձել ամենահարուստ «սելֆ-մեյդ» կանանց ցուցակում

Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը դարձել է պատմության մեջ առաջին մարզուհին, որը հայտնվել է, Forbes հանդեսի վարկածով, աշխարհի ամենահարուստ այն կանանց ցուցակում, որոնք ինքնուրույն են կարողություն վաստակել: Այդ մասին հաղորդվում է հրատարակության Twitter-ում: 37-ամյա մարզուհու կարողությունը գնահատվում է 225 մլն դոլար:

Թենիսի կանանց ասոցիացիայի (WTA) տվյալների համաձայն, մարզական կարիերայի ընթացքում Սերենա Ուիլյամսի դրամական պարգեւները կազմում են 88,5 մլն դոլար: 2018 թվականին ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշում Սերենա Ուիլյամսը նույնպես առաջինն էր՝ անցյալ տարվա ընթացքում վաստակելով 18,1 մլն դոլար:

Ուիլյամսը ռեկորդակիր է Մեծ սաղավարտի շարքի մրցաշարերում տարած հաղթանակների թվաքանակով, այս պահի դրությամբ ամերիկուհին 23 հաղթանակ է տարել մենախաղերում, որոնցից երեքը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում:

Թենիսի կանանց ասոցիացիաների մրցաշարերում Ուիլյամսը 72 հաղթանակ է տարել անհատական մրցապայքարում: Ուիլյամսը 186 շաբաթ անընդմեջ առաջին տեղն է գրավել WTA-ի վարկանիշում. այդ ցուցանիշով ամերիկացի թենիսիստուհին առաջին տեղը կիսում է գերմանուհի Շտեֆի Գրաֆի հետ:

Նաեւ Ուիլյամսը եռակի օլիմպիական չեմպիոնուհի է զուգախաղերում (2000, 2008, 2012), թենիսիստուհու ակտիվում է 2012 թվականի Խաղերի ոսկին մենախաղերում: Ինքնուրույն կարողություն վաստակած աշխարհի ամենահարուստ կանանց ամբողջական ցուցակը հրապարակվելու է հունիսի 5-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս