Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Բելգրադում Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Մայիսի 31-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, սերբականը` Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Նեմանյա Ստևանովիչը (Nemanja Stevanovic):
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել է հայ-սերբական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ Երևանում և Բելգրադում դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, մշակութային, միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին և միջազգային կառույցներում երկկողմ փոխգործակցությանը:
Ավետ Ադոնցը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ կարևորելով նաև հարցի առնչությամբ ԵՄ-ի կողմից լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: