Վարորդական նոր բալային համակարգի դեպքում հնարավոր է՝ ծանոթ-բարեկամները շահող դուրս գան
Մայիսի 16-ին Կառավարության նիստում փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ներկայացրեց վարորդական բալային համակարգի հետ կապված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Ըստ նախագծի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր. ճանապարհային երթևեկության կանոնների խախտում ամրագրելու դեպքում վարչական իրավախախտում կատարած անձին տվյալ տարում տրված ընդհանուր միավորներից ինքնաշխատ եղանակով հանվելու են տվյալ իրավախախտման համար սահմանված տուգանային միավորները:
Նախագծում նշված է նաև, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով, առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելն առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
Ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառի թվով 100 իրավախախտումներից 26-ի համար նախատեսված տուգանքն առաջարկվում է նվազեցնել. «Մասնավորապես, 7-ը նախատեսվում է նվազեցնել ավելի քան 50%-ով, 10-ը` 50%-ով, ևս 9-ը` 50%-ից նվազ չափով»:
Համաձայն նախագծի՝ տվյալ տարում տուգանային միավորների կիրառման արդյունքում 3 և պակաս միավորների մնացորդ ունեցող վարորդներին տրվելու է տեսական քննություն հանձնելու միջոցով 2 միավորը վերականգնելու հնարավորություն: Պարբերաբար խախտում համարվելու է 1 տարվա ընթացքում 3 և ավելի անգամ իրավախախտումներ կատարելը, որոնց համար կիրառված տուգանային միավորների հանրագումարը կազմում է 9 տուգանային միավոր:
Նախագծում նշված է նաև, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ պարբերաբար կատարելը, որոնց համար նախատեսված է վարչական տույժ տուգանային միավորի ձևով` առաջացնելու է վարչական տույժ` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ձևով` 6 ամիս ժամկետով, իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցման ժամկետը լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում, պարբերաբար խախտումներ կրկին կատարելն առաջացնելու է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` 1 տարի ժամկետով:
Փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի փոխանցմամբ՝ 5000 դրամանոց տուգանքին համարժեք է մեկ տուգանային միավորը:
«20-25 հազար դրամի տուգանքների համար նախատեսված է երկու բալային միավոր հանել, 4 միավորանոց խախտումների թիվը 2-ն է՝ երթևեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը և տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, բացառությամբ, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և մեկ լիտր արյան մեջ ալկոհոլը մեկ գրամը չի գերազանցում: Երեք միավորանոց խախտումներն են՝ տրանսպորտային միջոցի տնօրենի կողմից հաշվառման համարանիշը այլ անձի հանձնելը, որի համար ներկայիս գործող համակարգով նախատեսված է տուգանք հարյուր հազար դրամի չափով»:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Տիգրան Քեյանի կարծիքով՝ եթե վարորդը լինի օրինապահ ու կարգապահ, բնականաբար, իր համար ոչ մի խստացում նշանակություն չունի:
«Մենք առաջարկներ ներկայացրել ենք Կառավարություն, որոնցից մեկն ընդունվել է: Այն վերաբերում էր այն վարորդներին, ովքեր մեքենա շատ են վարում, դա նրանց աշխատանքն է: Քանի որ 9 բալը նրանց մոտ կարող էր շուտ սպառվել, հնարավորություն էր տրվելու տարվա մեջ մեկ անգամ վերականգնել բալերը՝ թեստային քննության հանձնման միջոցով: Ըստ էության, սա արդեն բոլոր վարորդներին է վերաբերելու:
Երկրորդ առաջարկը, իմ կարծիքով՝ ևս անհրաժեշտ էր, սակայն չընդունվեց: Վարորդական նոր բալային համակարգի մասին օրենքում կան մի քանի անհասկանալի դրույթներ։ Դրանք որոշակի իրավախախտումներն են, որից հետո վարորդն իրավունքի վկայականից զրկվում է 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Ժամկետը վարչական մարմնի հայեցողությամբ է, կարող է լինել 3-6 ամիս կամ 6 ամսից մինչև 1 տարի: Այսինքն, այստեղ վարչական մարմինը պետք է որոշի, թե ում որքան զրկի վարորդական իրավունքից, ինչը, մեր կարծիքով սխալ է:
Չպետք է թողնվի վարչական մարմնի հսկողության տակ, պետք է այդ նորմերը հստակեցվեն: Իրենք վտանգավորության աստիճանից կախված՝ կարող են հստակ նշել՝ եթե այս աստիճանի է վտանգավոր, ապա 5 ամսով զրկվում է.կոնկրետ պետք է գրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրը:
Հարցին՝ սա կոռուպցիոն ռիսկե՞ր է պարունակում, Տիգրան Քեյանը պատասխանեց.
«Կոռուպցիա չի կարող լինել, պարզապես հնարավոր է՝ մոտեցումները տարբեր լինեն.եթե իրենց ծանոթ-բարեկամն է, հնարավոր է՝ ասեն, թե՝ բերեք իրեն 4 ամսով զրկենք, իսկ այն անծանոթին՝ 5 ամսով: Սա հաստատ մեզ մոտ կկիրառվի, որովհետև այնպիսի ազգ ենք, որ փորձում ենք մեր հարազատներին անպայման օգնել»:
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիրն ընդգծեց՝ վարորդական բալային համակարգը որոշ մարդկանց համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու.
«Չի կարող խստացման համակարգը լրացուցիչ խնդիրներ չառաջացնել»:
Անի Կարապետյան