«Հուժկու» հիփոթեքային շուկայի աճ կա
«Բավականին բարվոք վիճակ է, օրինակ՝ ապրիլին նախորդ ապրիլի համեմատ մենք 28% աճ ենք գրանցել հիփոթեքային շուկայում: Մի քանի ծրագիր է գործարարկվել այս տարի, սպասում ենք ևս մի քանի ծրագրի, հիմա կառավարությունում քննարկումներ են գնում: Մենք լրջորեն աճ ենք տեսնում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հյատարարեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ հիփոթեքային շուկայի աճն անվանելով հուժկու:
Ըստ նրա՝ հիփոթեքային աճը, հավի-ձվի պատմության օրինակով, բերում է շինարարության աճի, որն էլ իր հերթին խթանում է հիփոթեքային շուկան:
Ա.Ջավադյանը նշեց, որ տնտեսկան աճը տարվա համար ԿԲ-ն միջինացված նախանշել է 6.4%, ինչը կաջակցի բիզնես վարկավորման տոկոսադրույքների նվազման: Նա ընգծեց, որ բոլոր ոլորտներում կա նաև վարկերի ծավալների աճ, այսինքն՝ բիզնեսի կողմից պահանջարկը մեծացել է:
Անդրադառնալով գնաճին՝ ԿԲ նախագահը նշեց, որ այս տարվա 12-ամսյա գնաճը սպասվում է 3 %-ի շուրջ, որը նորմալ է:
168.am-ի դիտարկմանը, որ մասնագետներն ու իշխանությունները պնդում են, որ առանց գնաճի տնտեսությունը չի զարգանա, Ա.Ջավադյանը պատասխանեց․ «Էդ ուրիշ գնաճ նկատի ունեն, էդքան գնաճ մենք ունենք։ Բայց բարձր գնաճը սարսափելի հիվանդություն է, որը խոցում է հիմնականում անապահով խավերին։ Եվ բարձր գնաճի դեմ պայքարելը բավական բարդ ջանքեր է պահանջում: Իհարկե, մենք այդ հնարավորություններն ունենք»։