«Փողերի արտահոսքի մասով մենք բավականին ուշադիր ենք». Արթուր Ջավադյան
Կենտրոնական բանկը հերքում է, որ Ռուսաստանից և Ղազախստանից դեպի Հայաստան դրամական փոխանցումների խնդիր կա: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարեց, որ իրենք ստուգել են տեղեկատվությունը, և խնդիրն ընդամենը կախված է իրենց բանկային համակարգի հետ:
«Մենք խնդրել ենք մեր գործընկերներին, որ եթե այդպիսի դեպքեր լինեն, անպայման մեզ տեղեկացնեն։ Ես խնդրում եմ այն քաղաքացիներին, որոնք դիմում են ձեզ, առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին, ես նկատի ունեմ այն բանկերին, որոնք փոխանցում չեն անում, և դրանից հետո, եթե լինի խնդիր, ակնհայտ է, որ որևէ խոչընդոտ Հայաստանում փող ընդունելու վերաբերյալ չկա»,- ասաց Ա.Ջավադյանը։
Ըստ նրա՝ անհասկանալի է փոխանցում չանելը, ինչո՞ւ պետք է Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գան Հայաստան, իսկ Ռուսաստանից ու Ղազախստանից՝ ոչ. «Դա որևէ կապ չունի իրականության հետ»:
ԿԲ նախագահը հերքեց նաև վերջին շրջանում փողերի արտահոսքը. «Ներհոսքը գնալով ավելանում է, արտահոսքի մասով էլ մենք բավականին ուշադիր ենք: Որոշակի աճ կա, որը զուգակցվում է ներհոսքի աճի հետ»: