ՔԴՄ/ՔՍՄ պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայում կառավարող կոալիցիայի փլուզումը. Bild
Քրիստոնեադեմոկրատական միություն եւ Քրիստոնեասոցիալական միություն (ՔԴՄ/ՔՍՄ) պահպանողական դաշինքը չի բացառում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) հետ երկրում կառավարող կոալիցիայի փլուզումն այն բանից հետո, երբ Անդրեա Նալեսը հայտարարեց ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում նրա խմբակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու որոշման մասին: Այդ մասին հունիսի 3-ին հայտնել է Bild թերթը՝ վկայակչելով սեփական աղբյուրներ:
Պահպանողականները կարծում են, որ ԳՍԴԿ-ն շուտով կարող է առավելագույն պահանջներ առաջադրել կառավարական օրակարգի հանգուցային թեմաների շուրջ, որոնք համատեղելի չեն լինի ՔԴՄ-ի եւ ՔՍՄ-ի դիրքորոշումների հետ: Դա գործնականում կնշանակի «Մեծ կոալիցիայի» վերջը:
ՔԴՄ-ի առաջնորդ Անեգրետ Քրամփ-Քարենբաուերի շրջապատում նույնպես չեն բացառում, որ ԳՍԴԿ-ի պաշտոնի համար պայքարի պայմաններում սոցիալ-դեմոկրատները կարող են իրենց անդամների շրջանում քվեարկություն անցկացնել այն բանի շուրջ, թե իրենք պետք է արդյոք շարունակեն մասնակցել կառավարությանը: Դա միանգամայն իրական կլինի, եթե ԳՍԴԿ-ում կոալիցիայի հակառակորդների ճամբարն իր թեկնածուին առաջադրի նոր առաջնորդի պաշտոնի համար:
Նալեսը հունիսի 2-ին հայտարարել է ԳՍԴԿ-ի նախագահի եւ Բունդեսթագում խմբակցության ղեկավարի պաշտոնները թողնելու մասին՝ եվրաընտրություններում կուսակցության ձախողման լույսով, որտեղ սոցիալ դեմոկրատները երրորդ տեղն են գրավել Գերմանիայում՝ 2014 թվականի համեմատությամբ կորցնելով մոտավորապես 12 տոկոսային կետ: Բացի այդ, ԳՍԴԿ-ն ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ տանուլ են տվել Բրեմենի դաշնային երկրամասի խորհրդարանի ընտրությունները, որտեղ հաղթանակ են տոնել քրիստոնյա դեմոկրատները:
ԳՍԴԿ-ի բազմաթիվ անդամներ կարծում են, որ Անգելա Մերկելի կառավարությանը կրտսեր գործընկերոջ իրավունքներով մասնակցելը վնասում է կուսակցությանը, եւ կոչ են անում դուրս գալ կոալիցիայից: Ինչպես սպասվում է, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Մալու Դրայերը՝ Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի դաշնային երկրամասի վարչապետը, իսկ Բունդեսթագում ԳՍԴԿ-ի խմբակցության ղեկավարինը՝ Ռոլֆ Մյուտցենիխը՝ Նալեսի ներկայիս տեղակալը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: