
Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը հետևանքներ կունենա. Զարիֆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը բացասական հետեւանքներ կունենա Վաշինգտոնի համար: Այս կարծիքը նա հայտնել է հունիսի 2-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Եթե Միացյալ Նահանգները որոշել է այսքան ցավ պատճառել իրանական ժողովրդին՝ տնտեսական պատերազմ սկսելով, տնտեսական ահաբեկչություն սանձազերծելով Իրանի դեմ, ապա հետեւանքներ կլինեն»,-ասել է Զարիֆը:
«Մենք տարբերություն չենք տեսնում տնտեսական պատերազմի եւ իրական ռազմական գործողությունների միջեւ»,-ընդգծել է նա: «Մենք պարզորոշ հասկանում ենք, որ պատերազմում հաղթողներ չեն լինում: Պատերազմում տանուլ են տալիս բոլորը, բայց ոմանք ավելի շատ են կորցնում, իսկ ոմանք՝ ավելի քիչ»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը:
«Ինչպես ես ավելի վաղ էլ էի ասում, Իրանի դեմ սպառնալիքները չեն աշխատում,-հայտարարել է Զարիֆը ի պատասխան այն հարցի, թե նա ինչ կցանկանար ասել անմիջականորեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:-Երբեք մի սպառնացեք Իրանին: Փորձեք հարգանքը, դա կարող է աշխատել»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը: