
Թրամփն այցով ուղևորվում է Մեծ Բրիտանիա, Իռլանդիա և Ֆրանսիա

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 3-ին առաջին պետական այցով ժամանում է Մեծ Բրիտանիա, որտեղից այնուհետեւ կուղեւորվի Իռլանդիա եւ Ֆրանսիա: Իր եվրոպական շրջագայության ընթացքում նա հանդիպումներ կանցկացնի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու եւ վարչապետ Թերեզա Մեյի, Իռլանդիայի կառավարության ղեկավար Լեո Վարադկարի, ինչպես նաւե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Ուղեւորությունը համատեղվում է Միացյալ Թագավորություն պետական այցի հետ, որը նվիրված է 1944 թվականի հունիսի 6-ին Նորմանդիայում դաշնակից զորքերի ափհանման 75-րդ տարեդարձին: Այդ առթիվ հիմնական տոնակատարությունները տեղի կունենան անգլիական Պորտսմուտում եւ բուն Նորմանդիայում: Թրամփն առաջին տիկին Մելանյայի հետ այցը կատարում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով: Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, նրանց համար հանդիսավոր արարողություն կկազմակերպվի Բուքհինգեմյան պալատում, որտեղ նրանք կկարողանան հանդիպել Մեծ Բրիտանիայի միապետի եւ թագավորական ընտանիքի մյուս անդամների հետ: Հունիսի 4-ին Թրամփը երկկողմ բանակցություններ կվարի Միացյալ Թագավորության վարչապետի հետ, ինչպես նաեւ հանդիպում կունենա երկու երկրների գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Մեյի հետ հանդիպմանը ԱՄՆ-ի ղեկավարը պլանավորում է արծարծել ազատ առեւտրի շուրջ գործարքի թեման, որը երկու երկրները կարող են կնքել Brexit-ից հետո մի քանի ամսվա ընթացքում՝ նպատակ ունենալով օգնել Լոնդոնին՝ փոխհատուցելու այն կորուստները, որոնք նա կկրի ԵՄ-ի հետ առեւտրական հարաբերություններում փոփոխությունների հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: