Հայտարարությունը, թե Սամվել Բաբայանի հետ կապված միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը. ՔԿ

Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպի շարժառիթը, որը կրում է կենցաղային բնույթ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ անդրադառնալով ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի ու նրա կողմնակիցների հետ կապված միջադեպին:

Նաիրա Հարությունյանը մանրամասնել է.

«Նախաքննության ընթացքում պարզվել է նաև միջադեպին մասնակից անձանց շրջանակը, միջադեպին նրանցից յուրաքանչյուրի առնչությունը:

Այս պահին քննությամբ ձեռք բերված բազմաթիվ ապացույցներն այն մասին, որ միջադեպի շարժառիթը կենցաղային բնույթ է կրում, հրապարակման ենթակա չէ՝ նախաքննության շահերից ելնելով:

Եվս մեկ անգամ հայտնում ենք, որ ԶԼՄ-ներով տարածված հայտարարությունները այն մասին, որ միջադեպի շարժառիթը քաղաքական բնույթ է կրում, չի համապատասխանում իրականությանը:

Քրեական գործով պարզված հանգամանքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որում ԱԱԾ–ին և Ոստիկանության կոչ է անում Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանել ճիշտ ուղղությամբ՝ նշելով, որ վեճը քաղաքական բնույթ ունի, ոչ թե կենցաղային:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանի գրասենյակը տեղեկատվություն էր հրապարակել մայիսի լույս 29 գիշերը Սևան-Մարտունի ճանապարհին Սամվել Բաբայանի համակիրների հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ոստիկանությունը նախքան այդ հայտարարությունը արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս