ՀՀ ՄԻՊ-ը կաջակցի դատաիրավական բարեփոխումների իրականացմանը. Արման Թաթոյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակությանը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի ղեկավարությամբ Հայաստան ժամանած ԵԽ բարձրաստիճան պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի խորհրդի առանցքային կառույցների ղեկավարները՝ Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, ԳՐԵԿՈ-ի գործադիր քարտուղար Ջանլուկա Էսպոզիտոն, ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության Արդարադատության և իրավական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Հաննե Յունկերը և Քաղաքական հարցերով տնօրինության խորհրդատու Մաքսիմ Լոնգանգը:
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատաիրավական բարեփոխումներին, դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է, որ այս հարցերը գտնվում են իր ամենօրյա ուշադրության ներքո։ Մասնավորապես, դատական համակարգում առկա են խնդիրներ՝ կապված դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ։
Նրա խոսքով՝ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը: Պաշտպանը նաև ընդգծել է, որ պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել կառավարությանը և խորհրդարանին կոռուպցիայի դեմ պայքարում և դատաիրավական բարեփոխումների հարցերում հատկապես, երբ ոլորտում առկա են հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ։ Ուստի, բոլոր այդ փոփոխությունները պետք է իրականացվեն հնարավորինս արագ:
ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Պաշտպանը կարևորել է նաև քաղաքացիական հասարակության դերն այս բոլոր գործընթացներում և պատրաստակամություն հայտնել խթանել նրանց մասնակցությունը:
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ դատական իշխանության համակարգի բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացվեն բացառապես Սահմանադրությանը և միջազգային իրավական չափանիշների ներքո։