
Դեսպան Հովակիմյանը Չեխիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին մայիսի 27-ին ընդունել է Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
«Դեսպանը շնորհավորեց Մարիյե Բենեշովային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությանը, ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներով, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում հայ-չեխական համագործակցության հարցեր, կարևորվեց Չեխիայի անցումային շրջանի փորձի ուսումնասիրումը: Աշոտ Հովակիմյանը նախարարին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև տրամադրեց նախաձեռնվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ: