«Հիմա որոշում կայացնելու ժամանակն է». Արարատ Միրզոյան
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ «Իմ քայլը» խմբակցությունում ամիսներ շարունակ քննարկվել է անցումային արդարադատության հարցը։
«Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ խոսքը մի թեմայի մասին է, որը բոլորովին կամ մեծամասամբ անծանոթ է եղել լայն հանրությանը, նույնիսկ քաղաքական շրջանակներին, նույնիսկ մասնագիտական շրջանակներին, այդտեղ շատ նեղ մասնագիտացում է պետք, և մենք, մեծ հաշվով, կարողացել ենք ծանոթանալ դրան, ինչն անվանում են անցումային շրջանի կամ անցումային արդարադատություն, այդ թվում՝ վեթինգի գործիքին։ Եվ հիմա որոշում կայացնելու ժամանակն է»,- ասաց Ա.Միրզոյանը։
Ըստ նրա՝ նախագիծն արդեն ուրվագծվում է։
ԱԺ նախագահի խոսքով՝ մշակման փուլում է քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը, և բոլոր ուժերը պետք է մասնակցեն։
Դիտարկմանը, որ Գլխավոր շտաբի պետը հայտարարել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, հնարավոր է, հակառակը տեղի ունենա՝ պարգևատրումներ լինեն, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Իսկ ինչպե՞ս մենք կարող ենք կանխորոշել քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքը։ Կլինեն աշխատանքները, ընթացքում ինչպիսի մանրամասներ ու նրբերանգներ բացահայտվեն, այդպիսին էլ կլինեն հետևանքները»։
Ըստ նրա՝ նախագիծը լինելուց հետո քննարկումն առարկայական կլինի, իսկ այժմ այդ քննարկումները կարող են նույնիսկ մանիպուլյատիվ լինել։ Միրզոյանը շեշտեց, որ քննիչ հանձնաժողովը գործիք կամ պատրվակ չէ որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու. «Բայց կան բազմաթիվ հարցեր, որոնց հանրությունը պիտի տեղյակ լինի, և առնվազն այստեղ քաղաքական մարդիկ, բոլոր խմբակցությունները պետք է կարողանան քննել, պարզել, և իրենք էլ տեղեկանալու իրավունք ունեն, ու հետո, կախված գաղտնիության աստիճանից, կտեղեկացնեն նաև հանրությանը»։
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի խնդրի վերաբերյալ ԱԺ նախագահը նշեց. «Ես չեմ կարծում, որ Ազգային ժողովի նախագահը պետք է հայտարարություն անի Սահմանադրական դատարանի որևէ անդամի վերաբերյալ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը պաշտոնավարող մարդու մասին»։