«Դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է». Արարատ Միրզոյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Այսօր ԱԺ-կառավարություն ավանդական հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ խորհրդարանում։ Այս կապակցությամբ լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ եթե վարչապետը չմասնակցի հարց ու պատասխանին, դա օրենքի խախտո՞ւմ է։
«Վարչապետը երկրո՞ւմ է,- հարցով պատասխանեց Միրզոյանը և ուսերը թոթվեց,- Ձեր հարցի պատասխանը դուք չգիտե՞ք։ Իհարկե, օրենքի խախտում չէ»։
Նա հորդորեց օրենքը կարդալ՝ եթե կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը, երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող գալ ԱԺ։
Դիտարկմանը, որ նախկինում ասվել է, որ աշխարհի որ կետում էլ լինի վարչապետը, պետք է ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ներկա լինի խորհրդարանում, ԱԺ նախագահը նկատեց. «Դա օրենքի շատ աբսուրդային մեկնաբանություն է»։
Հիշեցմանը, որ դա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է եղել, երբ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով ՌԴ-ում էր, Ա.Միրզոյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում կոնկրետ դրվագը և կոնտեքստը։ Եթե մարդ երկրում չի, կամ գործուղման է, կամ արձակուրդում է, ո՞նց կարող է գալ այստեղ»։
Ա.Միրզոյանն անպատասխան թողեց հարցը, թե ինչո՞ւ Արցախի իշխանություններից որևէ մեկը ներկա չէր երեկվա տոնակատարություններին՝ պատճառաբանելով, թե նիստը սկսվեց։