«Ի՞նչ եք ասում, աչիկ ջան, լո՞ւրջ աջակցել ա։ Կարո՞ղ ա՝ ձեր բարեկամներին ա աջակցել։ Ինձ ոչ մեկը չի աջակցել». Գագիկ Ծառուկյանը՝ ԲՀԿ-ին Ռոբերտ Քոչարյանի աջակցության մասին

«Օրակարգում այդպիսի հարց չկա, մենք չենք քննարկել և քննարկման ենթակա չի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է՝ ԲՀԿ-ն համագործակցի Ռոբերտ Քոչարյանի հետ։

Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գ.Ծառուկյանը նշեց, որ դա եղել է ըստ օրենքի, օրենքի սահմաններում է կատարվել և անօրինական բան չի եղել։

Նա հերքեց, որ հանդիպել է Քոչարյանի հետ. «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել եմ։ Կարող եք անվտանգությանը դիմել, ձեզ կտեղեկացնեն»։

Հարցին՝ ինչո՞ւ է խուսափում Քոչարյանի հետ հանդիպելուց, Ծառուկյանը տարակուսեց, որ չի խուսափում, պարզապես կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը։

Դիտարկմանը, որ ժամանակին ԲՀԿ-ն կապում էին Քոչարյանի հետ, Ծառուկյանը հակադարձեց.

«Հիմա ում հետ պետք ա, կապում են, որ դրա անհրաժեշտությունը կա։ Մենք ի՞նչ կապ ունենք, որ պետք է կապեն։ Ամեն մարդ էսօր իրավունք ունի քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Էսօր օրը 2 հատ կուսակցություն ա բացվում՝ ամեն մեկն իր քաղաքական տեսակետով, իր մոտեցմամբ, քաղաքական գործունեությամբ։ Դա մեզ հետ ի՞նչ կապ ունի»։

Լրագրողի դիտարկմանը, որ ժամանակին Քոչարյանն աջակցել է Ծառուկյանի բիզնեսների ծաղկմանը, ԲՀԿ առաջնորդն ասաց.

«Ի՞նչ եք ասում, աչիկ ջան, լո՞ւրջ աջակցել ա։ Կարո՞ղ ա՝ ձեր բարեկամներին ա աջակցել։ Ինձ ոչ մեկը չի աջակցել, որևիցե մեկի առաջ ոչ պարտավորություն ունեմ, որևիցե բան չունեմ։ Հերիք ա»։

Ծառուկյանը լրագրողներին մեղադրեց «անկապ» հարցեր տալու մեջ, ինչը երկրին «տանում է վտանգի.

«Որոշ կուսակցությունների անհիմն հայատարարություններից, որ մարդիկ նայելով իրավիճակը, մենք էսօր պետք է տնտեսական հեղափոխություն անենք, որ ժողովուրդը էսօր դրան արդեն մի տարի սպասում ա, որ պետք է մի բան փոխվի։ Բայց այսպիսի անկապ, անհիմն հայտարարություններ, որ ներդրողները լիարժեք ուզում են գումար դնեն, իսկ ցանկացած ներդրող գումարը դնում ա այն երկրում, որտեղ կայունություն կա, վստահություն կա, հավատ կա։ Սա է հիմնական խնդիրը»։

Հարցին՝ արդյո՞ք դատական համակարգի միջոցով հակահեղափոխության փորձ է արվում, Ծառուկյանը պատասխանեց, որ իրենք բազմիցս ասել են, որ կողմնակից են դատական համակարգում փոփոխություններին։

Թե ինչո՞ւ է դեմ վեթինգին ու անցումային արդարադատությանը, Գ.Ծառուկյանը հարցով պատասխանեց. «Բայց ո՞վ ա դեմ»։ Նա նշեց, որ բոլորն օրենքի առաջ հավասար են, և ավելի պարտավորված պետք է պատասխան տան երևացող մարդիկ՝ կուսակցության ղեկավարները, պատգամավորները, պաշտոնյաները, բայց դա չի վերաբերում միայն Ծառուկյանին։ Նա հավաստիացրեց, որ ինքն առավոտից երեկո ուզում է մի լավ բան անել, որ տնտեսական հեղափոխություն լինի։ Գ.Ծառուկյանը հայտարարեց, որ կողմ են անցումային արդարադատությանը, բայց ըստ օրենքի ու ըստ Սահմանադրության։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031