«Այս բնազդներով առաջնորդվող խաժամուժը դեռ երեկ մերժում էր Հայաստանի անկախությունը, քանի որ սիրտը սովետի ժամանակվա երշիկ էր ուզում». Մերի Հարությունյան
Մերի Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ ցածր բնազդներով առաջնորդվող ամբոխն է դառնում իշխանության պաշտպանն ու աջակիցը` վայելելով այդ իշխանության բարեհաճ վերաբերմունքը, այդպիսով նաև` այդ բնազդներով թելադրված ցանկացած քայլի անթաքույց խրախուսանքը, պետք է պատրաստ լինել վատթարագույնին:
Խրախուսել նման վարքագիծ պետության մեջ, հետո հայտարարել, թե կապ չունես դրա հետ` ոչ այլ ինչ է, քան պարզ կեղծավորություն, վախկոտություն, սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ անպատասխանատվություն:
Այս բնազդներով առաջնորդվող խաժամուժը դեռ երեկ մերժում էր Հայաստանի անկախությունը, քանի որ սիրտը սովետի ժամանակվա երշիկ էր ուզում, մնացած ամեն ինչ անկարևոր էր: Ընդամենը օրեր առաջ վարչապետի կոչով դատարանների ելքերն ու մուտքերը փակած «հպարտ ու արժանապատիվ քաղաքացին» լրագրողին պատմում էր Նիկոլի հորդորով իր այդտեղ գալու «վեհ» նպատակի մասին. «Էդ դատավորի քայլվածքը դուք տեսա՞ք,-ասում է,- դա ամեն օր, երևի, միս ա ուտում: Ինչի՞ ես ու իմ երեխեքը չենք ուզում ամեն օր հավի բուդ ուտենք: Ինչքան պետք է էստեղ կանգնելու եմ ու փակելու եմ»: Իսկ դուք ասում եք` դատական համակարգի բարեփոխումնե՜ր, երկրի ապագայով մտահոգ հպարտ ու արժանապատիվ քաղաքացի՜…
Այս նույն ցածր բնազդներով տականքը օրը ցերեկով մայրաքաղաքի կենտրոնում հարձակվում է թոռների հետ զբոսնող քաղաքացու վրա, երեկ արդեն` դանակահարում է լրատվամիջոցի աշխատակցին, ատելության ու դրանից բխող բռնության թիրախ դարձնում լրագրողի, սպառնում Արցախի նախագահին:
Սրանց համար այլ արժեքներ և հեղինակություններ կան, հեղինակություններ, որոնց բառապաշարը միանգամայն հարիր է իրենց իսկ հոգեկերտվածքին` գլուխ ջարդելուց մինչև ասֆալտին փռել: Սրանց համար ինքնադրսևորվելու լավագույն ժամանակներն են, ուրիշ էլ ե՞րբ:
Կարո՞ղ է, արդյոք, սրանց դեմն առնել կիրթ, արարող, հավասարակշիռ, իր խոսքի արժեքն իմացող, իր պետությունը սիրող և նրա քաղաքացուն հարգող, իր հավատը չուրացող հիրավի արժանապատիվ քաղաքացին: Դժվար է նրանց տեսնել փողոցում գոռալիս, հայհոյելիս, մարդկանց քաշքշելիս, անգամ հարազատի վրա անանուն գրություններ իրավապահներին ուղարկելիս, կենտրոնական փողոցի ուղիղ մեջտեղում չփչփացնելով անկշտում ձևով խորոված ուտելիս ու յուղոտ ձեռքերը հագուստի վրա մաքրելիս: Դժվար է:
Նրանք սովոր են պայքարի քաղաքակիրթ ձևերի, նրանց թիրախը սեփական երկրի քաղաքացիները չեն, սեփական քույրերն ու եղբայրները չեն, այլ պետական սահմանից այնկողմ իրենց զավակներին ամեն օր թիրախավորող հակառակորդը, որին զսպելու համար ամեն մեկն իր մասնագիտական դաշտում փորձում է անել առավելագույնը, օգնել իր պետության զարգացմանն ու հզորացմանը, բայց ամեն օր խորը հիասթափությամբ հետևում է, թե ցածր բնազդներով ամբոխը ինչպես է օր-օրի ոչնչացնում ու արժեզրկում ամեն ինչ:
Այս մարդկանց համբերությունն էլ սահման ունի, և այդ եզրագիծը գնալով ավելի ու ավելի է մոտենում: Պետականության կորստից սարսափելի ոչինչ լինել չի կարող»:
Երբ ցածր բնազդներով առաջնորդվող ամբոխն է դառնում իշխանության պաշտպանն ու աջակիցը` վայելելով այդ իշխանության բարեհաճ…
Gepostet von Meri Harutyunyan am Sonntag, 26. Mai 2019