Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով բերման է ենթարկվել Ջիվան Աբրահամյանը. Tert.am
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա:
Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն, դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասաց նա:
Ամենայն հավանականությամբ այդ անձը Ջիվան Աբրահամյանն է, որն իր ելույթի ժամանակ սպառնալիքներ էր հնչեցրել՝ ուղղված Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Նշենք, ոստիկանությունն ավելի վաղ հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր. «Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։ Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով»:
Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքն ի պաշտպանություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի էր: