
«Եթե անում են վեթինգ, գոնե ՀՀ անկախությունից սկսած պետք է անեն». Տարոն Սիմոնյան

«Վեթինգ իրականացնող մարմին ձևավորելու մասին դեռևս խոսք չի գնացել, կոնցեպտ դեռ չկա, շատ ընդհանուր, տեսական է: Սակայն, եթե այդպիսի բան ենք անում, շատ խիստ պրոֆեսիոնալ մարդիկ պետք է այդ մարմնի կազմում լինեն, որովհետև ինչքան էլ խոսենք հասարակական լայն շերտերի ներկայացվածության մասին, դա զրո արդյունավետություն կունենա, եթե բարձր մակարդակի պրոֆեսիոնալ չլինի: Այսինքն՝ երկու բաղադրիչ կա՝ և՛ ԱԺ, և՛ հ/կ-ների հետ համագործակցության արդյունք պետք է լինի, բաց միևնույն ժամանակ՝ խիստ չափորոշիչներին համապատասխան մարմին պետք է լինի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ո՞ր մարմինն է իրավասու վեթինգ իրականացնել:
Շրջանառվող տեղեկություններին, թե իշխանությունը մտադիր է 1998 թվականից վեր մինչև հեղափոխություն ժամանակաշրջանի համար կիրառել վեթինգ, պատգամավորը պատասխանեց.
«Ես չեմ հասկանում՝ կոնկրետ ժամանակաշրջանի ընտրությունն ինչով է պայմանավորված: Եթե անում են վեթինգ, գոնե ՀՀ անկախությունից սկսած պետք է անեն: Եթե ինչ-որ ժամանակահատված է սահմանվում, պետք է հասկանալ պատճառը: Ընտրողական արդարադատությունն ամենավատ բանն է, ավելի լավ է՝ չլինի, քան լինի, որովհետև ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան լուծելու»: